Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր նիստի ընթացքում որոշում է կայացրել նախարարների պաշտոնոններում առաջադրել բոլոր այն ՀՀԿ-ական նախարարներին, որոնք մինչ այսօր աշխատել են: Այս մասին նիստից հետո լրագրողներին հայտնել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` նշելով, որ այդ որոշումը կայացվել է միաձայն:
Ինչ վերաբերում է այն պորտֆելներին, որոնք մինչ այդ պատկանում էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ապա որպես այդ նախարարությունների ղեկավարներ ՀՀԿ-ն որոշել է առաջադրել հետևյալ գործիչներին.
Առողջապահության նախարար` Մ.Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյան, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Արտեմ Ասատրյան, ով մինչ այդ աշխատել է որպս նախարարի տեղակալ, Տրանսպորտի և կապի նախարարություն` Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյան:
Ինչ վերաբերում է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, ապա Շարմազանովը նշել է, որ այս պաշտոնում առաջադրվել է անկուսակցական գործիչ, որի անունը ՀՀԿ-ի խոսնակը հրաժարվել է նշել` ասելով, որ այս մասին կհայտարարվի Կառավարության առաջիկա նիստի ժամանակ:
Շարմազանովը չի մեկնաբանել Քաղաքաշինության նախարարի թեկնածուի հարցը` նշելով, որ այս նախարարության համար պատասխանատու է ՕԵԿ-ը: