Home / Հայաստան / ՕԵԿ-ի բաժանած բարեգործական քարտերը չեն գործում

ՕԵԿ-ի բաժանած բարեգործական քարտերը չեն գործում

«Օրինաց երկիր» կուսակցությունն ԱԺ ընտրությունների շրջանում մարդկանց պլաստիկ քարտեր է բաժանել, որոնք, սակայն, հնարավոր չէ օգտագործել: Այդ քարտերով «Երևան» բժշկական կենտրոնում նրանք պետք է սպասարկվեին 20 տոկոս զեղչով, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Թերթը նշում է, որ քարտերը վերցնողները, փաստորեն, քվեարկել են ՕԵԿ-ի օգտին, իսկ ահա բժշկական կենտրոնում նրանց մերժում են` ասելով, թե իրենց հետ ոչ ոք համապատասխան պայմանագիր չի կնքել:

ՕԵԿ մամուլի խոսնակ Հարություն Ամիրյանը թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, թե ինքը տեղյակ չէ ոչ մի քարտից: Թեև բաժանված քարտերի վրա նշված է«Հայասի» անունով բարեգործական հիմնադրամի մասին, Ամիրյանը նշել է, որ «Հայասիից» էլ տեղյակ չէ:

Թերթն ընդգծում է, որ «Հայասին» տեղավորված է նույն ՕԵԿ-ի շենքում, տարբերանշանն էլ շատ նման է ՕԵԿ-ի զինանշանին:

«Ի դեպ, ՕԵԿ պաշտոնական կայքում այսպիսի կարգախոսների կարելի է հանդիպել. «Միասին կառուցենք օրենքի Հայաստան», «Վստահեք, որ կառուցենք օրենքի երկիր»: Ու փաստորեն, սրանք են այս կուսակցության պատկերացրած օրենքն ու օրինականությունը: Երևակայեք` ինչպիսի օրենքի Հայաստան էր սարքելու մեր երկիրը, եթե մի քիչ ավելի մեծ հնարավորություններ ունենար», – հավելում է «ՀԺ»-ն: