Չինաստանի Անկան քաղաքի իշխանությունները ներողություն են խնդրել մի կնոջից, ում բռնի ուժով ստիպել են ընդհատել հղիությունը, քանի որ, ըստ Չինաստանում գործող օրենքի, նա իրավունք չուներ երկրորդ երեխա լույս աշխարհ բերել:
Դեպքի հետ առնչություն ունեցող երեք պաշտոնյաներ հեռացվել են աշխատանքից:
Կնոջը ստիպել են ազատվել երեխայից հղիության յոթերորդ ամսում, ինչը հակասում է օրենքին, քանի որ հղիության 6-րդ ամսից հետո արգելվում է ազատվել երեխայից:
Իշխանությունները կոչ են արել տեղական ինքնակառավարման մարմիններին միջոցառումներ ձեռնարկել ընտանիքի ճիշտ պլանավորման համար:
Պարզվում է, որ 27-ամյա Ֆեն Ցզյամեյին բռնի կերպով ստիպել էին վիրահատվել և ազատվել երեխայից: Չինական ԶԼՄ-ների տեղեկություններով, նա հոգեբանական հարված է ստացել և ծանր վիճակում է գտնվում:
Չինաստանցի իրավապաշտպանները պնդում են, որ կինը ընդհատել է հղիությունը, քանի որ ի վիճակի չի եղել տուգանք վճարել երկրորդ երեխայի համար: