Եվրո-2012-ի մեկնարկին կայացած Ռուսաստան-Չեխիա հանդիպումից հետո Ռուսաստանում չկար գոնե մեկը, ով կասկածում էր, որ իր երկրի թիմը հաջորդ փուլում է: Որոշ վերլուծաբաններ անգամ սկսեցին քննարկել, թե ում հետ է ավելի նպաստավոր խաղալ քառորդ եզրափակիչում: Եվ առավել ևս ոչ ոք չէր կարող ենթադրել, որ խմբում առաջին տեղը կզբաղեցնի ռուսաստանցիների կողմից ջախջախված Չեխիան: Սակայն Ռուսաստանում, հավանաբար, մոռացել էին, որ Արշավինն ու Կերժակովն ուղղակի ունակ չեն երկու խաղ անընդմեջ բարձրակարգ ֆուտբոլ խաղալ, իսկ մրցավարների օգնությունն ու անհավանական անդրադարձները, որոնք օգնում էին ռուսաստանցիներին ընտրական փուլում, կարող են և չլինել:
Վերջին տուրում Հունաստանի հետ խաղում Ռուսաստանի ընտրանուն ընդամենը ոչ-ոքի էր հարկավոր: Ավելին՝ նրանք հաջորդ փուլ կարող էին դուրս գալ անգամ պարտության դեպքում, եթե Չեխիա-Լեհաստան հանդիպումը ոչ-ոքի ավարտվեր: Եվ նման շանս կար, երբ վերջին րոպեին լեհերը դարպասը գրավելու իրական հնարավորություն ստացան, բայց չիրացրեցին այն: Եվ դա տրամաբանական էր, որովհետև Չեխիայի հավաքականը պարզապես ավելի ուժեղ էր մրցակցից ողջ հանդիպման ընթացքում և արժանիորեն հաղթեց 1:0 հաշվով՝ շնորհիվ 72-րդ րոպեին խփած Յիրաչեկի գնդակի:
Ինչ վերաբերում է Ռուսաստան-Հունաստան խաղին, ապա այստեղ ամեն ինչ բավական լավ սկսվեց հույների համար: Նրանք մի քանի վտանգավոր գրոհ անցկացրեցին, սակայն առաջին խաղակեսի միջնամասում ռուսաստանցիները տիրեցին նախաձեռնությանը: Նրանք բավական վստահ էին գործում մինչև առաջին կեսի 2-րդ ավելացված րոպեն, երբ 2004 թվականի Եվրոպայի չեմպիոն, հույների ներկայիս ավագ Յորղոս Կարագունիսը օգտվեց պաշտպանների կոպիտ սխալից, դուրս եկավ դարպասապահ Մալաֆեևի դիմաց և գրավեց մրցակցի դարպասը:
Երկրորդ խաղակեսում հույները հերոսական պայքար մղեցին: Նրանք ոչ միայն անձնուրաց պաշտպանվում էին, այլև պահեր էին ստեղծում մրցակցի դարպասի մոտ: Ռուսաստանի ընտրանին, իր հերթին, ներկայացավ որպես թիմ, որը փափկամարմին էր, ունակ չէր ուժային ֆուտբոլ խաղալ, դիմադրել հույների առաջարկած կոշտ խաղին ու երբեմն էլ հրմշտոցին: Բացի դա, հույներն ունեին առաջատար՝ Կարագունիսը, ով ամբողջովին խաղի մեջ էր՝ և’ գնդակ խփելու պահին, և’ պաշտպանվելու ժամանակ, և’ այն դեպքում, երբ նա ընկնում էր տուգանային հրապարակում, իսկ մրցավարը դեղին էր ցույց տալիս սիմուլիացիայի համար: Կարագունիսը խաչակնքվում էր, երդվում էր, որ իր կամքով չի ընկել: Չնայած մրցավարը չհավատաց, բայց կրկնապատկերը ցույց տվեց՝ Կարագունիսը չէր խաբում: Նա առաջատար էր անգամ փոխարինվելուց հետո՝ պահեստայինների նստարանին: Այո, գուցե, հույները կարգով ցածր են բոլորից այս առաջնությունում: Սակայն նրանք կրկին անգամ, ինչպես 2004-ին, ցույց տվեցին, որ ունակ են պայքարել անհույս վիճակներում: Այս առումով Ռուսաստանը նրանցից շատ բան ունի սովորելու: Իսկ Չեխիան, որի հետ Հայաստանը հանդիպելու է գալիք ընտրական փուլում, ցույց տվեց, որ շատ լուրջ մրցակից է լինելու:
Լուսանկարները՝ AP և Getty Images