Դժվար է ասել՝ ԲՀԿ-ի նկատմամբ կա՞ քաղաքական հետապնդում, թե ոչ, բայց միանշանակ է, որ կոնկրետ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի նկատմամբ նման բան տեղ ունի: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«Ես կսպասեմ դեռևս Վարդան Օսկանյանի կողմից հայտարարությանը ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության վերաբերյալ, բայց ես անձամբ հանդիպել եմ նրա հետ, և կարծում եմ, որ իրապես գոյություն ունի Վարդան Օսկանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում»,- ասել է Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, որ համաձայն ԱԱԾ-ի հայտարարության` հարուցվել է քրեական գործ` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքով, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Քրեական գործը հարուցվել է մայիսի 24-ին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ իշխող Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմելուց հրաժարվելու մասին հայտարարությունից 1 օր հետո։
Վարդան Օսկանյանը դա որակել է որպես քաղաքական պատվեր: