Երեկ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի ենթարկված ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանի կյանքին վտանգ է սպառնում:
Այս մասին «Ա1+»-ին հայտնել է հոսպիտալի բժշկուհիներից մեկը: Նրա խոսքերով` 34-ամյա Վահեի կյանքի համար պայքարում է հոսպիտալի գրեթե ողջ անձնակազմը, գիշերը նրան վիրահատել են, սակայն կյանքին սպառնացող վտանգն առկա է:
Վահե Ավետյանը գլխուղեղային լուրջ տրավմա է ստացել հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում «Հարսնաքար» ռեստորանային համալիրում: Նրա հետ է եղել նաև նրա գործընկեր Արտակ Բայադյանը, ով ևս գլխուղեղային վնասվածք է ստացել և ում վիճակը կրկին ծանր է, սակայն 32-ամյա Արտակի կյանքին վտանգ չի սպառնում:
Շրջանառվող տեղեկություններով, զինվորական բժիշկներին ծեծի է ենթարկել ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը:
Միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել օրենսգրքի՝ «Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու» հատկանիշներով: Առայժմ ձերբակալվածներ չկան: