Խնդիրների լուծման համար միշտ չէ, որ անհրաժեշտ են նոր կադրեր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը՝ անդրադառնալով Կառավարության նոր կազմին:
«Կարևոր և հրատապ խնդիրների լուծման համար այն կազմը, որ գործում էր, իր առաքելությունը կատարեց: Չեմ կարծում, որ նոր խնդիրներն անպայմանորեն պահանջում են ռադիկալ բարեփոխումներ կառավարության կազմում»,- Մինասյանի խոսքերն է փոխանցում News.am-ը:
Անդրադառնալով Կառավարության նոր կազմում փոփոխություններից մեկին՝ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին՝ Տրանսպորտի և կապի նախարար նշանակվելուն, Մինասյանն ասել է, որ վերջինս ունի բավականին մեծ աշխատանքի փորձ և այդ պաշտոնում ինքն իր պարտականությունները շատ հաջող է կատարելու:
«Երևանի քաղաքապետ եղած ժամանակ նա դրսևորել է բավականին լուրջ կազմակերպչական կարողություններ: Այն խնդիրները, որոնք դրված են իր առաջ՝ որպես կառավարության անդամ, կկատարի արդյունավետ»,- ասել է պատգամավորը:
Հարցին, թե կարելի՞ է սա համարել Գագիկ Բեգլարյանի աղմկահարույց պաշտոնանկությունից և որոշակի դաստիարակչական աշխատանք կատարելուց հետո վերադարձ, նա պատասխանել է. «Ցանկացած գործչի գործունեության ընթացքում հնարավոր են խնդիրներ, սակայն միաժամանակ, մենք պետք է խնդրին նայենք ավելի լայն: Եթե մարդն ընդունակ է և կրեց պատասխանատվություն իր քայլի համար, պետք է թույլ տանք արտահայտել իր ընդունակությունները»,- ասել է Գագիկ Մինասյանը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե կարելի՞ է սա համարել խրախուսանք՝ Գագիկ Բեգլարյանին ընտրություններում ներդրման, բերած ձայների համար, պատգամավորը արձագանքեց. «Անլուրջ մտքեր եք արտահայտում»:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է նորանշանակ նախարարներին: