ՀՀ կառավարությունը նախագահի հետ միասին ծավալուն ու դժվարին աշխատանք ունի անելու: Այս մասին այսօր կառավարության արտահերթ նիստը վարելիս ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Վստահության այն հսկայական վարկը, որ մենք ստացել ենք մեր ընտրողներից, կրկնապատկել է մեր պատասխանատվությունը: Նաև կարծում եմ, որ ոչ ոք չպետք է կասկածի այն վճռականությանն ու խստապահանջությանը, որով մենք լծվում ենք գործի:
Ես ձեզ կոչ եմ անում տրամադրվել ծանր, բայց պատվաբեր աշխատանքի: Սա առաքելություն է: Ընտրություններում հաղթել չի նշանակում հանգստանալ դափնիների վրա: Ճիշտ հակառակը` մեզ ոչ ոք դափնիներ չի խոստացել: Մեզ այստեղ են ուղարկել աշխատելու`աշխատելու անձնուրաց, բարեխղճորեն, պարտքի մեծագույն գիտակցումով:
Մայիսի 6-ի ընտրություններից հետո մենք ունենք որակապես նոր` անհամեմատ ավելի բաց հասարակություն: Դա նշանակում է, որ կառավարության անդամների թե՛ պաշտոնավարման, թե՛ կենցաղավարման քայլերին ամեն պահի հետևելու են ո՛չ միայն Նախագահն ու խորհրդարանը, այլև ողջ հասարակությունը: Սա իր հերթին նշանակում է, որ նոր կառավարությունը նույնպես պետք է լինի որակապես նոր մակարդակի վրա», – ասել է Սերժ Սարգսյանը:
Նա նշել է, որ կառավարության կազմում հեղափոխական փոփոխություններ չեն եղել, քանի որ դա պայմանավորված է ծրագրերի և արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող բարեփոխումների թափը չջարդելու մտադրությամբ:
Սարգսյանը խոսել է նաև գյուղի խնդիրների մասին` նշելով, որ գյուղացին պետք է օժանդակություն ստանա բերքը հավաքելու, պահելու ու իրացնելու գործում:
«Հետևողականորեն կանգնե՛ք գյուղացու կողքին, և գյուղը կրկնակի արդյունք կտա: Ես դրանում չեմ կասկածում», – հայտարարել է ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանն ասել է, որ 2012 թվականի համար կառավարության գործունեությունից առաջնային ակնկալիքը 7 տոկոս տնտեսական աճի ապահովումն է:
«Տնտեսական աճն ինքնանպատակ չէ. մեր խնդիրն է կայուն և մշտական զարգացման համար ամուր հիմքեր դնելը, աղքատության հետևողական կրճատումն ու տեսանելի ապագայում դրա իսպառ վերացումը: Սա է լինելու ձեր աշխատանքի գնահատման առաջին ցուցիչը:
Սահմանադրության պահանջով 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո մենք պետք է կրկին անդրադառնանք կառավարություն ձևավորելու հարցին: Ճիշտ այդ ժամանակ է, որ վիճակագրական ծառայությունը կամփոփի նախորդ տարվա՝ այսինքն 2012թ. տնտեսական իրավիճակը, և մենք կունենանք կառավարության գործունեության արդյունքները նաև նրա գործունեության 5 տարիների համար: Այդ ժամանակ էլ հնարավորություն կունենանք կրկին գնահատելու իրականացվող ծրագրերը և կատարված աշխատանքի որակը», – հավելել է ՀՀ նախագահը: