Երեկ երեկոյան ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու նպատատով քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են «Հարսնաքար» ռեստորանի 4 աշխատակիցներ, սակայն ձերբակալվածներ դեռ չկան: Այս մասին Epress.am-ին հայտնել է Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը` հավելով, որ գործի մասին այլ մանրամասները դեռ չեն հրապարակվի` քննության ընթացքին չխոչընդոտելու նկատառումով:
Հիշեցնենք, որ միջադեպի հետևանքով ծանր մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, ում կյանքին, բժիշկների խոսքով, վտանգ է սպառնում: Ծեծկռտուքի հետևանքով ծանր վիրավորվել է նաև Վահեի գործընկեր Արտակ Բայադյանը: