Երկուշաբթի Ադրբեջանն ու Հայաստանը լուրերի էին սպասում Փարիզից: Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնության համաձայն, այնտեղ էին ժամանել երկու երկրների ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովը և Էդվարդ Նալբանդյանը:
Ժամանակից շուտ ծրագրված բանակցությունները կրկնակի անհրաժեշտ են դառնում հայ-ադրբեջանական սահմանի մերձակա հատվածներում և շփման գծում իրավիճակի բարդացման պայմաններում:
Այս մասին գրում է «Նեզավիսիմայա գազետա» պարբերականը` միաժամանակ նշելով, որ Բաքվում և Երևանում կարծում են, որ փարիզյան հանդիպումը նախանշում է նախագահների հանդիպումը:
Ըստ պարբերականի` բանակցային գործընթացին խոչընդոտող միակ հակասությունը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է:
«Մնացած բոլոր հարցերի շուրջ կողմերը կարող են պայմանավորվել: Անգամ այնպիսի հիվանդագին խնդրի շուրջ, ինչպիսին է փախստականների ճակատագիրը, այդ թվում և’ հայ, և’ ադրբեջանցի, որոնք հաճախ երկրորդ պլանում են մնում: Կամ Ղարաբաղի շուրջ ընկած տարածնքերի ազատագրումը, որոնք Բաքուն բռնագրավված է համարում, իսկ Երևանն ու Ստեփանակերտը` անվտանգության գոտի: Բայց հենց որ հարցը հասնում է չճանաչված հանրապետության կարգավիճակին, սկսվում է խուլ ու համրի զրույցը:
Բանակցային գործընթացը, որպես կանոն, անցկացվում է խուլ գաղտնիության վարագույրի հետևում: Քննարկված հարցերի և առաջարկների մասին հայտնի է դառնում միայն որոշ ժամանակ անց: Առաջին հայացքից կարող է թվալ, որ ԱՄՆ պետքարտուղարը բլեֆ էր անում` հայտարարելով թշնամությանը վերջ դնելու ունակ նոր մոտեցման մասին: Քանի որ ոչ մի ձևաչափի և ոչ մի տրամաբանության մեջ չեն մտնում հայ-ադրբեջանական իրականության մեջ առկա «տարածքային ամբողջականության» և «ազգերի ինքնորոշման իրավունքի» սկզբունքները:
Քաղաքական ծանրակշիռ դեր ունեցող Քլինթոնը, ով սովոր է, որ աշխարհի ցանկացած կետում ունկնդիր են լինում իր խոսքին, ծուղակում է հայտնվել. կողմերը ինչպես կրակում էին միմյանց վրա, այնպես էլ շարունակում էին կրակել, իսկ խաղաղության նրա կոչերին արձագանքեցին փոխադարձ սպառնալիքներով: Նման իրավիճակում դեմքը կարող էր փրկել միայն որևէ նշանակալի հայտարարությունը և Քլինթոնն արեց դա», – մասնավորապես, գրում է «ՆԳ»-ն:
Պարբերականն առաջարկում է ուշադրություն դարձնել այդ օրերին Վաշինգտոնի Վուդրո Վիլսոնի կենտրոնում անցկացված կոնֆերանսի փաստին, որի ժամանակ փորձագիտական մակարդակում կարծիք էր հնչել ծագած հակամարտության մեջ երրորդ կողմի ուժային միջամտության անհրաժեշտության մասին:
«Երրորդ կողմ ասվածի տակ պետք չէ անպայմանորեն հասկանալ ԱՄՆ-ն, դա բացարձակապես չի գոհացնի ոչ Հայաստանին, ոչ էլ նրա ռազմավարական գործընկեր Ռուսաստանին: Մոսկվան դիմադրելու է ղարաբաղյան հակամարտություն մեջ ոչ տարածքային խաղացողի ցանկացած միջամտությանը, իսկ Երևանին ավելի շատ ձեռնտու կլինի ստատուս-քվոն, քան ցանկացած փոփոխություն իրավիճակում, որը կարող է խոցել ԼՂՀ-ի ինքնահռչակ ինքնավարությունը: Այդ իսկ պատճառով մնում է միայն բանակցություններ վարել: Թող որ դրանք արդյունավետ չեն մեծ հաշվով: Բայց եթե ԱԳ նախարարների փարիզյան հանդիպումներից հետո Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը մի փոքր նվազի, այն կարելի է հաջողված համարել»,-եզրակացում է ռուսաստանյան թերթը: