ՀՀ ՊՆ կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալի բժիշկ, նեյրովիրաբուժական բաժանմունքի օրդինատոր Արտակ Բայադյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ներկայացրել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի մանրամասները:
Հիշեցնենք, որ միջադեպի ընթացքում տուժել են նաև Գարիկ Սողոմոնյանն ու Վահե Ավետյանը, որի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:
Բայադյանի խոսքով`այդ երեկո իրենք 5 հոգով փորձել են մուտք գործել ռեստորան, սակայն մատուցողն ասել է Վահե Ավետյանին, որ նա սպորտային հագուստով է և չի կարող այդպես մտնել հաստատություն: Բժիշկը վերադարձել է տուն, փոխել տաբատը և կրկին եկել «Հարսանքար»: Երբ ընկերներն արդեն նստել են սեղանի շուրջ, Ավետյանը մատուցողին հարցրել է, թե միգուցե գլխա՞րկն էլ է պետք հանել:
Ավետյանի այս արտահայտությունից հետո մատուցողը վիճաբանություն է սկսել նրա հետ և հրավիրել բժիշկին դուրս` զրուցելու: Ընկերները նույնպես դուրս են եկել նրանց հետևից: Այնուհետև ինչ-որ մեկը, Բայադյանի խոսքով, մենեջերը կամ անվտանգության աշխատակիցը, իրենց ավտոկայանատեղի են հրավիրել, որտեղ էլ և դաժան ծեծի են ենթարկել նրանց: Բժիշկի խոսքով` իրենց հանգիստ են թողել միայն այն ժամանակ, երբ գրեթե անգիտակից վիճակում են եղել:
Ներկայումս Բայադյանը դեմքի վրա բազմաթիվ վնասվածքներ ունի, քիթը կոտրված է, դեմքը` այտուցված, մարմինը` վերքերի մեջ:
Լուսանկարում Վահե Ավետյանն է. «Չենք լռելու» նախաձեռնության տեսանյութից սքրինշոթ