Համաշխարհային ճանաչում ունեցող և տարբեր երկրներում իրականացվող բրիտանական Got talent հեռուստաշոուն, որը հնարավորություն է տալիս շարքային քաղաքացիներին ցուցադրել իրենց տաղանդները եթերում, Թայլանդում հայտնվել է սկանդալի կիզակետում ծրագրի մասնակիցներից մեկի չափազանց համարձակ պահվածքի պատճառով: Կիրակի երեկոյան` փրայմ-թայմով բուդդիստական պահպանողական երկրի բնակիչները ականատես են եղել, թե ինչպես է մրցույթի մասնակից աղջիկը արվեստի գործ ստեղծում մարմնի մասերի միջոցով:
23-ամյա Դուանգջայ Ջանսունոյը, բեմ բարձրանալով, հայտարարել է, որ նկարչուհի է: Վերցնելով վրձինը աղջիկը սկզբում դեղին ներկով մարդու մարմին հիշեցնող ուրվագիծ է պատկերել կտավի վրա:
Իսկ այնուհետև մեջքով շրջվել է դեպի դահլիճը, հանել է վերնաշապիկը և մի քանի տարրաներով յուղաներկ լցրել իր վրա: Այնուհետև վրձինի փոխարեն օգտագործելով իր ներկված մարմինը, և, մասնավորապես, կուրծքը, սկսել է ներկել կտավի ուրվագիծը:
Հանդիսատեսը այնքան էլ միանշանակ չի ընդունել տեղի ունեցողը: Մի մասը զարմացած հետևում էր, թե ինչով է ավարտվելու այդ ամենը, իսկ մի մասը ոգևորում էր նկարչուհուն:
Ի դեպ, կիսվել է նաև ժյուրիի անդամների կարծիքը: Ժյուրիի միակ կին անդամը` Թայլանդում հայտնի դերասանուհին, հայտարարել է, որ աղջկա նման պահվածքն անընդունելի է:
Այդուհանդերձ, ժյուրիի արական հատվածը դրական է գնահատել նկարչուհու տաղանդը և թույլ է տվել նրան անցնել հաջորդ փուլ: Չնայած մրցույթի ղեկավարությունը մի քանի ժամ անց ստիպված է եղել ներողություն խնդրել հեռուստադիտողներից, քանի որ խիստ քննադատություն էր հնչել իշխանությունների կողմից: Թայլանդի մշակույթի նախարարը հայտարարել է, որ աղջկա պահվածքը պարզապես անթույլատրելի է, քանի որ հեռուստադիտողների մեջ կարող էին նաև երեխաներ լինել: Եվ բացի դա, նախարարի կարծիքով, ցանկացած ինքնարտահայտում պետք է սահմաններ ունենա:
«Հեռուստաշոուի ղեկավարությանը, ի դեպ, կարող են պատժամիջոցներ սպառնալ, եթե պարզվի, որ միջադեպը բացասական հետևանքներ է ունեցել», – ասել է նախարարը: