Նոր Նորքի 1-ին զանգվածի Նանսենի անվան զբոսայգում կիրակի օրը մեկնարկած շինարարությունն այսօր կրկին փորձ է արվել վերսկսել, սակայն բնակիչները թույլ չեն տվել` պահանջելով, որ քաղաքապետարանն անցկացնի հանրային լսումներ: Այս մասին Epress.am-ին հայտնել է Նոր Նորքի բնակիչ, ակտվիստ Աննա Շահնազարյանը:
Խոսքը տվյալ տարածքում Նանսենի անվան թանգարան կառուցելու մասին է: Երևանի քաղաքապետարանի լրատվական բաժնից մեզ հայտնել են, որ շինարարությունը չպետք է զարմանք առաջացներ, քանի որ թանգարան կառուցելու մասին որոշում կայացվել էր դեռևս անցյալ տարի` Նանսենի 150 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Իսկ այս տարի` մայիսի 22-ին, քաղաքաշինության խորհրդի ճարտարապետական հանձնաժողովը ընդունել է թանգարանի համար առաջարկված էսքիզը: Ավելին` դրա կառուցմամբ որևէ վնաս չի հասցվի բնությանը, քանի որ բետոնապատ հարթակը արդեն կա:
Միևնույն ժամանակ, այգին փրկել փորձող ակտիվիստները ասում են, որ միայն այսօր են մեքենաները ավազ, քարեր լցրել և փորձ են կատարել սկսել բետոնապատում:
Աննա Շահնազարյանի խոսքով` այգում թանգարան կառուցելու սույն նախագիծը օրենքի խախտում է, քանի որ համաձայն քաղաքաշինության մասին օրենքի` ցանկացած գործունեութուն, որ հանգեցնում է կենսամիջավայրի փոփոխության, պետք է թույլ տրվի հանրային լսումներ անցկացնելուց հետո, իսկ Նորքի զբոսայգու մասին որևէ լսում չի անցկացվել:
Տեղեկացնենք, որ այգում այս պահին ընթանում է ստորագրահավաք` թանգարանի կառուցման դեմ, իսկ բետոնապատման աշխատանքները սկսել փորձող բանվորներին Նորքի բնակիչները ստիպել են հեռանալ և չվերադառնալ, քանի դեռ քաղաքապետարանը չի պատասխանել ակտիվիստների հարցմանը և հարցը մնում է վիճարկելի: