Home / Հայաստան / «Ժողովրդավարական Հայրենիք»-ի խնդիրը. Լևոն Զուրաբյանը դիմել է վարչապետին

«Ժողովրդավարական Հայրենիք»-ի խնդիրը. Լևոն Զուրաբյանը դիմել է վարչապետին

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը 2001 թվականի մարտի 31-ի գրությամբ հայտնել էր «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությանը, որ «Պետական կառավարչական հիմնարկների տարածքային ստորաբաժանումներին տարածքներով ապահովելու խնդրի լուծման անհրաժեշտությունից ելնելով` ՀՀ կառավարության առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը նպատակահարմար չի համարում «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության հետ կնքված վարձակալության պայմանագրի վերակնքումը»: Խնդրի առնչությամբ  երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին նամակ է հղել Հայ Ազգային Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Վերջինս նամակում հիշեցնում է, որ վարչությունը հայցադիմումով դիմել է դատարան` կուսակցությանը վտարելու վարձակալած տարածքից, և 2011թ. նոյեմբերի 2-ին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով բավարարվել է հայցադիմումը, իսկ այս տարվա մայիսի 18-ին ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը որոշում է ընդունել  կատարողական վարույթ հարուցելու, կուսակցությանը Վաղարշ Վաղարշյան 12 տարածքից վտարելու մասին:

«Դրա հետևանքով 1998 թվականից հիմնված և Հայաստանի քաղաքական կյանքում ակտիվ դերակատարում ունեցած, 2012թ. ԱԺ 5-րդ գումարման Հայ Ազգային Կոնգրես դաշինքի անդամ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը զրկվում է Սահմանադրությամբ և օրենքով բնականոն գործելու հնարավորությունից:

Կուսակցության ղեկավարությունը 2011 թվականի հուլիսի 4-ին դիմել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը` կուսակցությանը համարժեք այլընտրանքային տարածք տրամադրելու, որին ի պատասխան` 27.04.2011թ-ին ստացել է մերժում:

Համաձայն «Կուսակցությունների մասին» օրենքին պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները կուսակցություններին «հավասար պայմաններով տրամադրում են իրենց պատկանող շինություններ, կապի միջոցներ, որոնցից օգտվելու առաջնահերթ իրավունք ունեն Ազգային ժողովի ընտրություններում համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցությունները»: Հաշվի առնելով, որ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը մաս է կազմում Հայ Ազգային Կոնգրես ընտրական դաշինքի, խմբակցության անունից լիազորված եմ դիմել Ձեզ` այս հարցին շուտափույթ լուծում տալու նպատակով», – գրում է Լևոն Զուրաբյանը: