Եվրո-2012-ը մտավ փլեյ-օֆ փուլ: Այսուհետ թիմերը չեն սպասելու զուգահեռաբար ընթացքող խաղերի արդյունքներին, միավորներ չեն հաշվելու: Ամեն ինչ կախված է լինելու միմիայն թիմի և հաջորդ փուլի ուղեգիրը խաղարկվելու է 90, 120 կամ մոտ 140 րոպեների ընթացքում:
ՉԵԽԻԱ-ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ
Թեև A խմբում Չեխիան առաջին տեղն է զբաղեցրել, իսկ Պորտուգալիան B խմբում` երկրորդ, այնուամենայնիվ, պորտուգալացիներն այս հանդիպման ֆավորիտն են: Մահվան խմբում լինելով` Պորտուգալիայի ընտրանին 3 խաղերում միայն դանիացիների հետ երկրորդ խաղակեսում կարճատև խաղային անկում ապրեց, իսկ խմբի ֆավորիտներից` Հոլանդիայից և Գերմանիայից խաղով ավելի ուժեղ էր երևում: Եվ այս ամենը՝ հաշվի առնելով այն փաստը, որ թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն միայն վերջին` հոլանդացիների հետ խաղում իր կարգին համապատասխան ֆուտբոլ ցուցադրեց:
Չեխիան, իր հերթին, խաղից խաղ ավելացնում է, սակայն առայժմ չի հանդիպել մրցակցի հետ, որը կարգով հավասար կլինի Պորտուգալիային: Բիլեկի թիմը կարող է ապավինել իր հարձակվողական ներուժի վրա, սակայն Ռուսաստանի հավաքականի հետ խաղը ցույց տվեց, որ պաշտպանությունում չեխերն ակնառու խնդիրներ ունեն:
Հարկ է հիշել նաև, որ ֆավորիտ Պորտուգալիան մեկ անգամ արդեն պարտվել է Չեխիայի ընտրանուն` 1996 թվականին: Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ փուլում չեխերն անակնկալ մատուցեցին` շնորհիվ Կառել Պոբորժսկու գեղեցիկ գնդակի: Այնուամենայնիվ, նրանց հնարավորություններն այսօր էլ ավելի ցածր են գնահատվում:
ԳԵՐՄԱՆԻԱ – ՀՈՒՆԱՍՏԱՆ
Սխալ կլինի խոսել այս զույգի ֆավորիտի մասին: Այստեղ թիմերից մեկը ակնհայտ ուժեղ է մյուսից: Գերմանիայի ընտրանին խաղային խնդիրներ ունենալով առաջին հանդիպման ժամանակ` պորտուգալացիների դեմ, հետագայում ավելացրեց և այժմ մոնոլիտ մեքենայի տպավորություն է թողնում: Բացի դա, գերմանացիները դեռ չեն օգտագործել պահեստայինների նստարանին գտնվող ֆուտբոլիստների ողջ ներուժը:
Առաջին հայացքից թվում է, որ անձնուրաց խաղի և բնավորության հաշվին քառորդ եզրափակիչ դուրս եկած Հունաստանը ոչինչ չի կարոց անել մրցակցի դեմ: Նման մի իրավիճակ էր ստեղծվել նաև 2004-ին, երբ հույները հանդիպում էին Ֆրանսիայի ընտրանու հետ, որի կազմում ավելի քան տասը աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն կար:
Սակայն այն ժամանակ հույները անակնկալ մատուցեցին` հաղթելով 1-0, և հետագայում շարունակեցին իրենց ընթացքը դեպի չեմպիոնություն:
Այսօր Հունաստանի կարող է ապավինել միայն անսխալ խաղին պաշտպանությունում: Եթե Գերմանիայի հավաքականն արագ գոլի հեղինակ դառնա, ապա հույները կարող են նաև խոշոր հաշվով պարտություն կրել:
Հունաստանի ընտրանին, իհարկե, ապավինում է վերջին 10-ամյակում լեգենդար դարձած կամային հատկանիշներին, սակայն այդ առումով Գերմանիայի հավաքականի հետ մրցելու նույնպես շատ դժվար է:
ԻՍՊԱՆԻԱ-ՖՐԱՆՍԻԱ
Հարևանների հակամարտությունը միշտ էլ ինտրիգային բնույթ է կրում: Վերջին անգամ խոշոր մրցաշարերին թիմերը հանդիպել են 2006 թվականի Աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչում: Այն ժամանակ Ֆրանսիան ոչ այդքան վառ խաղ էր ցուցադրել խմբային փուլում, սակայն փլեյ-օֆի առաջին խաղում ֆրանսիացիները վստահ հաղթանակ տարան մրցակցի նկատմամբ` 3:1:
Գուցե, Ֆրանսիայում ակնկալում են այդ պատմության կրկնությանը, սակայն այս անգամ Լորան Բլանի թիմին չափազանց բարդ է լինելու դա անել: Խմբային փուլում Ֆրանսիան անհասկանալի ֆուտբոլ խաղաց: Առաջին խաղում Անգլիայի դեմ միջին կարգի ֆուտբոլ ցուցադրելուց հետո ֆրանսիացիները ուղղակի խաղով ջախջախեցին ուկրաինացիներին: Սակայն շվեդների հետ վերջին հանդիպման ժամանակ Ֆրանսիայի ընտրանին դժգույն տեսք ուներ: Երևում է, որ թիմն ունի ներուժ, սակայն խաղը չի ստացվում, իսկ Բլանն անհասկանալի որոշումներ է կայացնում: Մասնավորապես, նա Ժերեմի Մենեզին հիմնական կազմում խաղադաշտ է դուրս բերել ընդամենը մեկ անգամ` Ուկրաինայի հետ հանդիպման ժամանակ, և վերջինս դարձել է խաղի լավագույն ֆուտբոլիստներից մեկը:
Ինչ վերաբերում է Իսպանիային, ապա ակնհայտ է, որ թիմը ավելացնելու տեղ ունի` հատկապես հարձակման գծում: Մինչ այսօր իսպանացիները խաղացել են այն ուժով, որը թույլ կտար իրենց նվաճել քառորդ եզրափակիչ փուլի ուղեգիրը: Իսպանիան կարող է չհաղթահարել ֆրանսիական արգելքը միմիայն այն ժամանակ, եթե մրցակիցն իր լավագույն խաղը ցուցադրի, իսկ Իսպանիան չկարողանա վերադասավորվել հանդիպման ընթացքում, ինչը քիչ հավանական է, քանի որ դել Բոսկեն գոնե հարձակման գծում մի քանի մոդելներ կարող է օգտագործել:
ԱՆԳԼԻԱ-ԻՏԱԼԻԱ
Այս զույգը թերևս միակն է, որտեղ ֆավորիտ չկա: Իտալացիները բավական լավ տպավորություն թողեցին խմբային մրցաշարում, թեև ունեին խնդիրներ: Մասնավորապես, բոլոր երեք հանդիպումներում իտալացիները խաղային անկում էին ունենում հանդիպման վերջնամասում, և այդ պատճառով կարող էին պարտվել Իսպանիային, և միավոր զիջեցին խորվաթներին:
Անգլիայի ընտրանին, իր հերթին, կայուն չէ: Թիմը կարող էր պարտվել անցկացրած բոլոր երեք հանդիպումներում, սակայն հաջողացրեց 7 միավոր վաստակել: Անգլիացիների խաղի վրա մեծ ազդեցություն կարող է ունենալ Ուեյն Ռունիի վերադարձը, ով հասցրել է հաղթական գնդակ խփել ուկրաինացիների դարպասը:
Լուսանկարները՝ Reuters, AP, AFP