Home / Հայաստան / Ինչո՞ւ եք 100 հազար աշխատատեղ ստեղծում. Բագրատյանը քննադատել է կառավարության ծրագիրը

Ինչո՞ւ եք 100 հազար աշխատատեղ ստեղծում. Բագրատյանը քննադատել է կառավարության ծրագիրը

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր Ազգային ժողովում խիստ քննադատության է արժանացրել ՀՀ կառավարության ներկայացրած ծրագիրը:

«Հանրապետությունը կանգնած է լուրջ քաղաքական, տնտեսական   մարտահրավերների առաջ, և, դրա հետ կապված, մենք քննարկում ենք կառավարության ծրագիրը: Ճիշտն ասած, այստեղ ուզում էինք լսել, թե ինչ լուծումներ է առաջարկում կառավարությունը` տարբերակներ, ձևեր, մեթոդներ: Առաջինը` փաստաթուղթը, մեղմ ասած, ծրագիր չէ, ընդհանրապես պիտի ի վիճակի լինել տարբերել ծրագիր, պլան, ցանկություններ կամ կոնցեպցիա բառերը:

Մասնագիտորեն ասած, ծրագիր է կոչվում այն փաստաթութղը, որը սահմանափակ է  ժամանակի և  ռեսուրսների մեջ: Եվ ենթադրում ենք, դրանում որոշակի նպատակով կատարվող ծախսեր պետք է լինեն: Միայն երկար-բարակ հեղինակների կողմից դատողություններ, այս կամ այն ոլորտներում ընդհանրական նպատակների շուրջ չեն կարող համարվել ծրագիր:  Եթե կառավարությունը քաջություն ունենար վերլուծելու 2007 թվականի հունիսի 21-ին այս դահլիճում ընդունած ծրագիրը, որի կատարումը 100 տոկոսով ձախողվել է,  ապա շատ հեշտությամբ կհասկանար համենայնդեպս ասյօրվա դրությամբ ավելի կարևոր հրատապ և խորը գերակայություններ` արտագաղթ, արտաքին պարտք, աղքատություն»,- ասել է Հրանտ Բագրատյանը:

Մասնավորեցնելով` Բագրատյանը որպես օրինակ նշել է, որ կառավարությունն իր նոր ծրագրում նախատեսում է 100 հազար աշխատատեղ ստեղծել:

«Ինձ թվում է, որ կառավարությանը ժամանակն է հանգիստ թողնել «աշխատատեղ» բառը և «100 000»: Նախ` ինչո՞ւ եք 100 հազար աշխատատեղ ստեղծում, եթե 73 հազար գործազուրկ ունեք: 2008-ին Սերժ Սարգսյանն էլ խոստացել էր 100 հազար աշխատատեղ ստեղծել: Սա մոդա է դարձել: Պաշտոնական տվյալներով, 2008-2011 թվականներին զբաղվածների թիվն ավելացել է 1800-ով: Սերժ Սարգսյանի խոստումը կատարվել է 1 տոկոսով», – ասել է Բագրատյանը:

Նա նշել է, որ ծրագիրն ընթերցելիս տպավորություն է ստեղծվում, թե կառավարությունը որևէ համակարգված պատկերացում չունի, թե ինչպես է ապահովելու ծրագրում նախանշված 5-7 տոկոս տնտեսական աճը: