Նոր Նորքի Նանսենի անվան զբոսայգում թանգարան կառուցելու համար որևէ ծառ չի հատվելու և դրանով շրջակա միջավայրին որևէ վնաս չի հասցվելու, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամի տնօրեն Ֆելիքս Բախչինյանը: Քաղաքապետարանի ներկայացուցիչ Արտակ Վարդանյանն էլ ասել է, որ միայն անցուղիներ պետք է կառուցվեն այգում:
Պատասխանելով Epress.am-ի հարցին, թե ինչու նախքան թանգարանի կառուցման նախագիծն ընդունելը հանրային լսումներ չեն անցկացվել` քաղապետարանի ներկայացուցիչն ասել է, թե նման փոքր շինության համար քաղաքապետարանը հարկ չի համարել լսումների դիմել:
«Ընդամենը մի հարկանի շենք է` 52 քառ. մետր մակերեսով, ուստի լսումների անհրաժեշտություն չի եղել: 200-300 քառ. մետրից ավել պետք է լինի շենքը որպեսզի լսումներ լինեն»,- ասել է Վարդանյանը:
Հիշեցնենք, որ հանրային լսումները ըստ քաղաքաշինության մասին օրենքի, պետք է անցակցվեն, եթե շինությունը հանգեցնելու է կենսամիջավայրի փոփոխության:
Բախչինյանի խոսքով` թանգարան կառուցելու մասին որոշումը կայացրել է Նանսենի 150-ամյակին նվիրված միջոցառումները համակերգելու համար օգոստոսին վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովը: Նախ Նանսենի անվան հիմնադրամը առաջարկել է վերանորոգել Գյումրիում արդեն գոյություն ունեցող թանգարանը, որը կոյուղու վթարի պատճառով հայնտվել էր ջրի մեջ, սակայն քանի որ ոչ Մշակույթի նախարարությունը, ոչ Գյումրու քաղաքապետարանը անհրաժեշտ 3 միլիոն դրամը չեն տրամադրել, այդ նախագիծը հանվել է՝ փոխարինվելով ավելի մեծ բյուջե պահանջող նոր թանգարան կառուցելու առաջարկով:
Նոր թանգարանը Նանսենի այգում ծրագրվում է բացել հոկտեմբերի 14-ին` Նանսենի ծննդյան օրը:
Բախչինյանը հրաժարվել է ասել, թե որքան է կազմում նորվեգացի բարերարի150-ամյակի միջոցառումների ողջ բյուջեն, սակայն ասել է, որ դրանց մի մասը իրականացվում է բարերարների ֆինանսավորմամբ, Մշակույթի նախարարության կողմից հրատարակվել է «Նանսենը և Հայաստանը» գիրքը, և նկարահանվել «Նանսենը ` աշխարհի խիղճը» ֆիլմը, հիմնադրամի կողմից հրատարակվել է Նանսենի կյանքի մասին 20 հատոր, ևս 30 հատոր նախատեսվում է հրատարակել առաջիկա 10 տարիների ընթացքում: