Մինչ ՀՀ կառավարությունն աղքատության հաղթահարման, արտահանման ծավալների մեծացման, աշխատեղերի ստեղծման և այլ խնդիրների լուծման մեջ իր ձախողումը բացատրում է միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամով, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եկամուտները աճում են: Այս մասին Ազգային Ժողովում հնչեցրած իր այսօրվա ելույթում ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Էս ինչ ձևի ճգնաժամ է, որ աղքատությունը աճում է ավելի քան 10 տոկոսով, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն նվազում է 14 տոկոսով, բյուջեի եկամուտները նվազում են 7.8 տոկոսով, լոլիկի արտահանումը կրճատվում է 80 տոկոսով, նվազագույն աշխատավարձը դոլարային արտահայտությամբ նվազում է 3.8 տոկոսով, իսկ այդ նույն ժամանակահատվածում պաշտոնավարած վարչապետի անձնական եկամուտները աճում են: Խնդրում եմ, ուշադիր եղեք` դրամային եկամուտները 102.9 տոկոսով, կամ ավելի քան կրկնակի, դոլարային եկամուտները` 3 հազար 933 տոկոսով, այսինքն` մոտ 4 հազար տոկոսով կամ 39 անգամ»,- ասել է Փաշինյանը:
Քննադատելով ՀՀ կառավարության ներկայացրած ծրագիրը` Նիկոլ Փաշինյանն ասել է, թե այդ ծրագրի վերլուծությունը ցույց է տալիս, որ կառավարությունը առաջնորդվում է «առկա խնդիրների մասին որքան քիչ խոսենք, այնքան լավ» սկզբունքով:
«Արդյունավետ կառավարելու համար` նախ պետք է հասկանալ` ինչքանով է արդյունավետ եղել կառավարության աշխատանքը վերջին տարիներին: Սակայն ծրագրում ես չտեսա ոչ արվածի վերլուծություն, ոչ ներկայիս իրավիճակի գնահատում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ 2008 թվականի կառավարության ծրագրերի մեծ մասը մնացել անկատար: ՀԱԿ անդամ պատգամավորը հիշեցրել է, որ թեև 2008 թվականին Կառավարության ծրագրում նշված էր, որ «մինչև 2012թ. յուրաքանչյուր համայնքում միջպետական ճանապարհներից առնվազն երկուսը բարեկարգ վիճակում կլինեն», սակայն այդ դրույթը չի իրականացվել: Օրինակ, Դիլիջանում Կամոյի փողոցը անմխիթար վիճակում է, որով հիմնականում տեղի ունենում երթևեկը Վրաստանի հետ: Նոր ծրագրում ոչինչ չի ասվում նաև Գյումրիի տեխնոլոգիական կենտրոն ստեղծելու դեռևս 2008թ. առաջարկված ծրագրի մասին:
Փաշինյանը ասել է նաև, որ 2011թ. լոլիկի արտահանումը նվազել է 51.1 տոկոսով, իսկ ներմուծումը ավելացել 80% -ով, և այս թվերի հետևում վարկերի տակ ճռռացող գյուղացին է: