Հայաստանից օրական մոտ 450 մարդ է հեռանում: Այս մասին այսօր ՀՀ Ազգային Ժողովում հայտարարել է ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը` արտագաղթի խնդիրը բարձրացնելով:
«Սա գնացող-եկողները չեն, աշխատանքի գնացողները չեն մեծ մասը: Եթե դուք լինեիք երկրի ղեկավարը, ի՞նչ կանեիք այն վարչապետի հետ, որը հայտարարում է. «Ի՞նչ անենք` ամեն ինչ անենք, որ մարդիկ չփախչեն, որ այդ կրիտիկական զանգվածը մնա ու հեղափոխությո՞ւն անի»: Ինչպե՞ս կվարվեիք այդ վարչապետի հետ», – Մանուկյանը հարց է ուղղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ով ԱԺ-ում այսօր ներկայացրել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը:
Վարչապետը նշել է, որ որ արտագաղթի ամենամեծ թվերը եղել են 1990-95 թվականներին:
«Մեկ միլիոնից ավելի մարդիկ այդ ժամանակ Հայաստանից արտագաղթել են, և դա պաշտոնական վիճակագրությունն է, որը մենք ունենք: Հետագայում տնտեսական կայունության հետ կապված արտագաղթի տեմպերը սկսեցին նվազել: Հասկանալի է, որ 2009 թվականի ճգնաժամի բացասական հետևանքները նույնպես խթանում են արտագաղթը, և դա լրջագույն խնդիր է, որը և մենք արձանագրել ենք մեր փաստաթղթում, և որևիցե թաքցնելու բան չունենք: Սա հիմնախնդիր է և դրա համար էլ կառավարությունը սա համարում է լրջագույն հիմնախնդիր: Ձեր գնահատականները ընտրությունների վերաբերյալ, վարվող քաղաքականության վերաբերյալ բոլորը գիտեն, և նաև մեր պաշտոնական տեսակետը գիտեք, որ մենք համաձայն չենք ձեր քաղաքական գնահատականների հետ», – ասել է վարչապետը:
Անդրադառնալով նախագահ-վարչապետ և վարչապետ-ԱԺ նախագահ հարաբերություններին` Տիգրան Սարգսյանն ասել է, որ իրենք աշխատում են որպես միասնական թիմ:
«Մեր գործունեության մեջ մենք որոշումներ ընդունելիս խիստ թափանցիկ ենք, գաղտնի որոշումներ չենք ընդունում, դավադրություններ չենք կազմակերպում, որ ժողովուրդը լքի հայրենիքը: Հակառակը, հասարակության լայն շերտերի հետ քննարկում ենք, թե ինչպիսի արդյունավետ ծրագրեր կարող ենք իրականացնել, որպեսզի կանխենք արտագաղթը: Եվ մեր լուծումները հետևյալն են. մենք պետք է ապահովենք մեր քաղաքացիներին աշխատատեղերով, այնպիսի աշխատատեղերով, որ այդ աշխատանքի ստացած եկամուտով նա կարող է արժանավայել ապրել հայրենիքում», – հայտարարել է գործադիր մարմնի ղեկավարը:
Արամ Մանուկյանը հակադարձել է, թե վարչապետի` 1990-95-ին վերաբերող վիճակագրական թվերը բացարձակ իրականությանը չեն համապատասխանում:
«Ես էդ թվերը կարող եմ ներկայացնել, դուք էլ դա լավ գիտեք: Շատ լավ գիտեք, որ էդ թվերի մեջ 300 000 Ադրբեջանից գաղթածներն են: Այդ թվերը վիճակագրական են, հստակ են և որևէ վիճարկելի բան չկա: Ես ձեզ հետ միայն վիճարկելու եմ գործող պաշտոնական թվերը: Ես ձեզ ընդամենը հարց եմ տալիս, վարչապետի այսպիսի հայտարարությունը դա քաղաքակա՞ն, դա արտագաղթի նպաստո՞ղ հայտարարություն էր: Դուք հարցիս չպատասխանեցիք», – ասել է Մանուկյանը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել վերջինիս այն բանի համար, որ Մանուկյանը վստահում է պետական վիճակագրությանը:
«Մենք ձեր այդ քաղաքական հայտարարությունը կընդունենք ի գիտություն որպես աշխատանքի կարևորագույն հենք և սկզբունք, որովհետև շատ հաճախ մենք լսում ենք հայտարարություններ, որ այդ վիճակագրական տվյալները կեղծված են: Ես ձեր առաջին քաղաքական հայտարարությունը ողջունում եմ, և դա իսկապես լուրջ հիմք է ստեղծում կոնստրուկտիվ երկխոսության համար:
Երկրորդը` վերագրել ընդդիմախոսին գաղափարները, որ նա չի ասել և այդ սկզբունքով նրան քննդատել, շատ ընդունված է և տարածված ձևաչափ է:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երբևիցե այդպիսի հայտարարություն չի արել: Եվ եթե խոսքը գնում է այն հարցազրույցի մասին, որ տպագրվել է «168 ժամում», ապա խմբագրությունն ինքը ներողություն խնդրեց, որ այդ հատվածը ճշգրիտ չի ներկայացրել և ընդամենը պետք է հարգել խմբագրության հայտարարությունը և վարչապետի պաշտոնական հայտարարությունները, որ չի կարելի աղավաղել իմ խոսքերը»,- պնդել է Տիգրան Սարգսյանը: