Home / Հայաստան / ԱԺ-ում քննարկվում է Կառավարության հրաժարականի հարցը. Լևոն Զուրաբյան

ԱԺ-ում քննարկվում է Կառավարության հրաժարականի հարցը. Լևոն Զուրաբյան

Կառավարության ներկայացրած ծրագրի քննարկումը չի նշանակում փաստաթղթի որակի քննարկում, այլ կառավարությանը հավանություն տալու կամ չտալու հարց: Եթե կառավարության ծրագիրը չի ստանում հավանություն, դա ունենում  է շատ հստակ իրավական հետևանքներ: Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ նման զարգացմանը հետևում է կառավարության հրաժարականը: Այս մասին այսօր Ազգային Ժողովում հայտարարել է ՀԱԿ-ի խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

«Մենք քննարկում ենք ոչ թե ծրագիրը, այլ կառավարությանը վստահություն հայտնելու հարցը: Արդյո՞ք մենք կարող ենք վստահել այդ կառավարությանը, արդյո՞ք սա նոր գործիչներից կազմված կառավարություն է, ում մենք դեռ չենք ճանաչում: Ոչ, 18 նախարարներից ընդամենը մի քանիսն են փոխվել, այն էլ մի պարզ պատճառով, որ ԲՀԿ-ն այլևս կոալիցիայի մեջ չէ», – ասել է Զուրաբյանը՝ հատուկ անդրադառնալով Տրանսպորտի և կապի նախարար նշանակված նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին:

Զուրաբյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը Բեգլարյանին պաշտոնին հեռացրել էր մարդ ծեծելու համար, ինչը ներկայացվել էր որպես պայքար կոռուպցիայի և օլիգարխիայի դեմ:

«Եթե Սերժ Սարգսյանը գործել է «ամեն նորը լավ մոռացված հինն է» սկզբունքով, ապա պետք է ասեմ, որ մենք այդքան էլ վատ հիշողություն չունենք, իսկ եթե ճիշտ էին քարոզչամեքենայի երկու տարի առաջվա պնդումները, արդյո՞ք մենք իրավունք չունենք եզրակացնելու, որ նման պայքարն ընթանում է հակառակ ուղղությամբ, այսինքն` հանուն կոռուպցիայի և հանուն օլիգարխիայի», – նշել է պատգամավորը:

«Այս կառավարությանը չի կարելի վստահել ժողովրդի ճակատագիրը, դրանցից պետք է ազատվել: Սա, իհարկե, հնարավոր չէ անել այստեղ ներկայացված 4 խմբակցությունների «դեմ» քվեարկությամբ: Սրա միակ միջոցը, ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, ժողովրդի հանրահավաքային ակտիվությունն է: Ավազակապետական կառավարությունները երբեք կամովի չեն զիջում իրենց ապօրինի արտոնությունները: Մենք ժողովրդին կոչ ենք անում հունիսի 26-ին, ժամը 7-ին հավաքվել Ազատության հրապարակում և այնտեղ արտահայտել իրենց վերաբերմունքը այս իշխանությունների նկատմամբ», – եզրափակել է Լևոն Զուրաբյանը: