Արդեն մի քանի տարի գործող «Մատչելի բնակարան» ծրագիրը շատ երիտասարդների ու երիտասարդ ընտանքիների համար մատչելի չէ, այնինչ՝ ծրագիրը միտված է մատչելի լինել: Epress.am-ի հետ զրույցում երեկ Ազգային ժողովում խնդրի մասին խոսել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
ԱԺ-ի դահլիճում պատգամավորն այդ մտահոգությունն է հայտնել ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:
Վերջինս էլ պատասխանել է հետևյալ կերպ. «Մատչելիության վերաբերյալ: Մենք նախորդ տարիներին փորձարկեցինք երիտասարդներին բնակարանով ապահովելու պիլոտային ծրագիրը, որը մեծ արձագանք ստացավ, և այսօր մենք տեսնում ենք, որ պահանջարկը շատ ավելի մեծ է, քան այն ծավալները ֆինանսավորման, որ մենք իրականացնում ենք: Դրա համար, պետք է էապես ավելացնենք ֆինանսական միջոցները, որ բնակարանները լինեն մատչելի: Ովքեր են ստացել այդ բնակարանները, որևիցե գաղտնիք այդտեղ չի կարող լինել, և ես այսօր կհանձնարարեմ երիտասարդության և սպորտի հարցերի նախարարին, որպեսզի այդ տեղեկատվությունը լինի հրապարակային»:
Վահե Էնֆիաջյանն ասել է, որ եթե հաշվի ենք առնում ՀՀ նվազագույն աշխատավարձը, ապա հասկանալի է դառնում, որ դա, այնուամենայնիվ, մատչելի ծրագիր չէ, և անհասկանալի է, թե ովքեր են օգտվում այս ծրագրից:
«Նախկինում էլ այս հարցը բարձրացրել ենք: Ես կառավարությունում հանդիպել եմ տարբեր պաշտոնյաների, ովքեր զբաղել են ծրագրով: 2008-2012 թթ. պետական երիտասարդական քաղաքականության ռազմավարությունը երբ մշակվում էր, այդ ժամանակհատվածում էլ իմ մտահոգությունները հայտնել եմ և հիմա էլ, հասկանալով, որ այսքան տարիներ անցնելով հանդերձ՝ ոչ մի փոփոխություն չկա, նորից բարձրացնում եմ այդ հարցը:
Սոցիալական շատ մեծ ծավալի բաներ են ներկայացված կառավարության ծրագրում, որ պետք է արվեն, և տրված է, որ դրանք ունենալու են իրենց երաշխիքները: Ուզում էի վարչապետից սպառիչ պատասխան ունենալ, թե որն է դրա երաշխիքը լինելու, բայց սպառիչ պատասխան չստացա»,- ասել է ԲՀԿ-ական պատգամավորը: