Home / Տեսանյութեր / Բակից և ծառերից զրկված բնակիչներին խոստացել են զբաղվել խնդրով

Բակից և ծառերից զրկված բնակիչներին խոստացել են զբաղվել խնդրով

Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի 14 հասցեի 3 բնակիչներն այսօր կրկին  հանդիպել են Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Հրաչյա Մուրադյանին ու նրան  ներկայացրել բակի 60 բնակիչների ստորագրություններով մի  փաստաթուղթ, որտեղ վերջիններս պահանջել  են դադարեցնել իրենց բակում  սկսված ապօրինի շինարարությունը: Այս մասին Epress.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Գայանե Եղիազարյանը:

Շիրազի 14 փողոցի բնակիչները բողոքում են կեղծ հիմքերով 1 տարի առաջ իրենց բակի տարածքն ապօրինաբար սեփականաշնորհած Արսեն Մկրտչյանի անօրինական գործողությունների դեմ: Նրանք դիմել են տարբեր ատյանների, ընդհուպ մինչև դատարան՝ գործարքը չեղյալ համարելու համար, այդ ընթացքում ՝ 2011 թվականի մարտ ամսին Մկրտչյանը ոչնչացրել է բակի այգու 16 պտղատու ու դեկորատիվ ծառերից 10-ը: Մնացած 6 ծառերը նա կտրել էր 8 օր առաջ` հունիսի 6-ին:

Եղիազարյանի խոսքով՝  Մուրադյանն անցյալ հինգշաբթի իրենց  խոստացել էր  ստուգումներ անցկացնել՝ պարզելու՝ արդյո՞ք տարածքի վերաբերյալ  Մկրտչյանը շինթույլտվություն ունի:

«Մուրադյանն ասաց, որ ինքը ճշտել է ու շինթույլտվությունը կա: Մենք ներկայացնում ենք, որ դա մեր բակի տարածքն է, նա էլ պնդում է, թե, ըստ իր մոտ եղած գծագրի, բակի տարածք չէ: Բնակիչներով խնդրեցինք մեկ անգամ ևս ստուգել, Մուրադյանն էլ խոստացավ, որ այսօր մարդ կուղարկի ճշտելու ու եթե պարզվի, որ շինարարությունը գնում է բակային տարածքում, ապա իրենք կվերացնեն շինթույլտվությունն ու կվերանայեն այդ հարցը», – պատմել է Եղիազարյանը՝ կասկած հայտնելով, թե իրենք այքան էլ չեն հավատում պաշտոնյաների խոսքերին:

«Մուրադյանը խոստացել է վաղը պատասխանել մեզ, պարզապես չգիտեմ՝ սա հերթական սո՞ւտն է՝ մեզանից ժամանակ խլելու ու մեզ լռեցնելու, թե՞ իրոք այս անգամ բարեխիղճ կգտնվեն ու հարցին ճիշտ լուծում կտան», – ասել է Եղիազարյանը: