ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած 34-ամյա Վահե Ավետյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին այսօր Epress.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի բժիշկներից մեկը:
«Ոչ մի լավ բան չկա հաղորդելու, վիճակը սարսափելի վատ է, ու չնայած նրան, որ մենք դեռևս չենք կորցնում հույսը, ամեն դեպքում այս պահի դրությամբ հուսադրող ոչինչ չկա», – նշել է բժիշկն ու հավելել, որ սպասողական վիճակում գտնվող իրենց ողջ անձնակազմը Աստծո հրաշքին է սպասում:
Հիշեցնենք, որ երեկ համակարգչային տոմոգրաֆիան (ԿՏ) Ավետյանի գանգուղեղի անցանկալի հատվածում նոր հեմատոմա (արյան կուտակում հյուսվածքներում-խմբ.) էր հայտնաբերել:
«Ճիշտ է, ուղեղի այտուցը երկրորդ վիրահատությունից հետո չի մեծացել, բայց օրենքով էլ հեմատոման չպետք է լիներ: Այն կա ու արդեն վտանգավոր է: Հիմա կորոշվի տակտիկան, եթե կլինի դեղորայքային ներծծման շանսը, կարվի դեղորայքային բուժում, եթե ոչ՝ ապա շատ հնարավոր է, որ նորից վիրահատական միջամտություն արվի», – ասել էր բժիշկը:
Հիշեցնենք, որ միջադեպի ընթացքում ծեծի ենթարկված ՀՀ ՊՆ կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալի բժիշկներ Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը և Վահե Ավետյանը տեղափոխվել էին վերոնշյալ հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք: Երեկ ի հայտ էր եկել ևս մեկ տուժած:
Լուսանկարում Վահե Ավետյանն է. «Չենք լռելու» նախաձեռնության տեսանյութից սքրինշոթ