Վերջին երեք ամիսների ընթացքում Հայաստանի Դեղարտադրողների ու ներմուծողների միության կողմից բոլոր հիվանդանոցներում անցկացրած մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ հանրապետությունում դեղորայքից կամ դեղորայքի ժամկետնանց լինելու հետևանքով թունավորումներ չեն եղել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է միության տնօրեն Սամվել Զաքարյանը:
«Վերջին երկու դեպքը նշեմ, երբ աղջիկը ինքնասպան լինելու համար խմել էր 40 հաբ, մյուս դեպքը նույնպես դեղորայքով ինքնասպանության մասին էր: Վերջին 1.5-2 տարվա ընթացքում դեղորայքի որակի պատճառով թունավորման դեպք չի գրանցվել», – համոզված է Զաքարյանը՝ ընդգծելով, որ դեղորայքից չեն թունավորվում, այլ փորձում են ինքնասպան լինել:
Խոսելով ժամկետնանց դեղերի մասին՝ միության նախագահը նշել է՝ ինչպես սննդի բնագավառում կան ժամկետներ, այնպես էլ՝ դեղերի, ուստի խորհուրդ է տվել դեղերն ընտրելուց խստորեն հետևել մակնշմանը:
«Մենք հետևում ենք դեղատների աշխատանքներին ու խնդրում ենք սպառողներին ուշադիր լինել ու ժամկետնանց դեղեր հայտնաբերելուց անպայման զանգահարել միություն: 6 ամսվա ընթացքում 2 հեռախոսազանգ ենք ստացել», – նշել է Զաքարյանը՝ հիշեցնելով, որ ցանկացած խախտման դեպքում սպառողները կարող են զանգահարել 58-26-20 հեռախոսահամարին: