«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնության անդամներից շատերն այսօր ակցիայի ընթացքում, իրենց բողոքից բացի, նաև զայրույթ են արտահայտել հասարակության որոշ հատվածի անտարբերության վերաբերյալ:
«Այս ինչքան ժողովուրդ է հավաքվել, ի՞նչ է՝ չեն կարդացե՞լ (նկատի է ունեցել ակցիայի մասնակիցների սակավ թիվը – խմբ.): Ինչո՞ւ չեն գալիս բողոքեն, իշխանությունները պառակտել են ժողովրդին, սարսափի մեջ են պահում մարդկանց: Եկել եմ արտահայտելու բողոքս ՝ հացադուլ անե՞մ, ի՞նչ անեմ: Ուրիշ ի՞նչ կերպ կարող եմ դա անել. բարձրանամ նախագահակա՞ն, այնտեղ ծեր կնոջը տեսնեն, կտան-կսատկացնեն, ոնց որ Գասպարիի հետ վարվեցին: Կոնկրետ բողոքս Սերժ Սարգսյանի դեմ է, քանի որ նա է այս ամենի հեղինակը: Թող ոչ ոք չհամոզի, որ նա մեղավոր չէ, երկրի ղեկավարը կարող է այս ամենի դեմն առնել», – բողոքել է Շուրա Ազատյանն, ով ակցիայի մասին տեղեկացել էր մամուլից:
Ակցիայի մեկ այլ մասնակից նկարչուհի Զարուհի Մուրադյանն էլ համոզված է, որ հենց նույն անպատժելիության հետևանքով էլ երեկ՝ ԱԺ-ի մոտ՝ ոստիկանների աչքի առաջ տուժել է Վարդգես Գասպարին:
«Բավական չէր, որ մոտեցել ու պատռում են միանձնյա ակցիա անցկացնող Գասպարիի պաստառները, դեռ օրինապահների աչքի առաջ էլ գցում են գետնին, իսկ ոստիկանն այնպիսի վախվորած տեսք ունի, որ քիչ է մնում գրկես, լաց լինես, ասես՝ ոչինչ բալիկ ջան: Այն, որ ոստիկանն այսօր ի վիճակի չէ պաշտպանել մեզ, ու այն, որ «Հարսնաքարում»՝ միջադեպի օրը, երբ ծեծել են բժիշկներին, ոչ ոք չի միջամտել, մեզ համար դարձել է սովորական երևույթ: Եթե պրոբլեմը կա ու դու այդ մասին չես բարձրաձայնում կամ մտածում ես՝ ի՞նչ է եղել, որ, մի երկու հոգու գլուխ կջարդենք, մի քանի երեխա էլ որբ կմնա, ես հայտարարում եմ, որ վաղը նման բան կարող է պատահել յուրաքանչյուրիս երեխայի հետ: Բավական է անտարբեր հետևել ու մտածել՝ եթե սա իմ ցավը չէ, ապա ի՞նչ կարիք կա, որ ես միջամտեմ: Այս նույն իրավիճակն էլ տիրում է բանակում, այնքան հանդուրժեցինք, որ հիմա արդեն հնարավոր չէ դեմն առնել»,- Epress.am-ի թղթակցին ասել է Մուրադյանը:
Ակցիայի մասնակից, դերասան Աշոտ Ադամյանն էլ Epress.am-ի հետ զրույցում փաստել է, որ այսօրվա ակցիայի դրդապատճառը շատ ավելի հին է, պարզապես սա ևս մեկ լկտիության դրսևորում էր, որ տեղի ունեցավ հասարակության աչքի առջև:
«Զարմանալի լռություն բոլոր նրանց կողմից, ովքեր, թվում էր, թե չպետք է լռեին: Նկատի ունեմ, մասնավորապես, իրավապահ համակարգը, արդարադատության համակարգը, պետություն կոչվածը, որը, ցավոք սրտի, չունենք, հետևաբար, ես ստիպված եմ ինքս գոռալ այդ մասին, անհանգստանալ, հետամուտ լինել, եթե ոչ, ապա եկեք հենց այսպես, ազգովի թողնենք ու գնանք այստեղից՝ հերիք ու բոլ եղավ: Անորակության մակարդակն այն աստիճանի է հասել, որ կարելի է ասել՝ այստեղ այևս ոչինչ չկա՝ նորից սարքել է պետք», – ասել է Ադամյանը:
Նրա հավաստմամբ՝ կարելի է խայտառակություն որակել Գասպարիի դեմ երեկ տեղի ունեցածը:
«Այս երևույթը ևս վկայում է, որ բեսպրեդելն այլևս հայտարարում է, թե դուք մեր դեմ այլևս խաղ չունեք: Հասել ենք նրան, որ մեր երկրում մարդուն կարող են ուտել՝ բառիս բուն իմաստով: Գասպարին արդար բողոք էր անցկացնում՝ ի ցույց ազգընտիր մարդկանց (նկատի է ունեցել պատգամավորներին-խմբ.), իսկ ազգընտիրներն հանգիստ անցնում-գնում են նրա կողքով, ու ոմն Լֆիկ համարձակվում է նման բան անել», – ասել է Ադամյանը:
Ակցիայի մասնակից, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն էլ վստահ է, որ նման երևույթները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ գործում է իշխանական այս համակարգը:
«Կարևորը ոչ թե իշխանափոխությունն է, այլ համակարգի փոփոխությունը: Միայն այս պարագայում հնարավոր կլինի փոխել հասարակ մարդկանց կյանքն ու խուսափել նմանօրինակ արատավոր ու դատապարտելի երևույթներից», – ասել է Խզմալյանը: