ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժածներ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի վերակենդանացման բաժանմուքում գտնվող 33-ամյա Գարիկ Սողոմոնյանի, 32-ամյա Արտակ Բայադյանի վիճակն այս պահի դրությամբ շարունակում է մնալ կայուն ծանր, իսկ 34-ամյա Վահե Ավետյանի վիճակը, բժիշկների հավաստմամբ, շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին այսօր Epress.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է հոսպիտալի բժիշկներից մեկը:
«Ոչ մի փոփոխություն, Սողոնոնյանի ու Բայադյանի մոտ վիճակի փոփոխություն գրեթե չկա՝ նույնն է, ինչ հոսպիտալացման պահին: Ինչ վերաբերում է Ավետյանին , ապա նրա վիճակի մասին խոսել ուղղակի դժվարանում եմ՝ նույն սպասողական վիճակն է՝ աննկարագրելի ու ճնշող: Ինչպես նախորդող օրերին, այնպես էլ հիմա միակ հույսը Աստծո հրաշքն է, թերևս մենք՝ բժիշկներս,արդեն անզոր ենք որևէ բան անել», – ասել է բժիշկն ու հավելել, որ, չնայած ամենին, իրենք շարունակում են հուսալ:
Հիշեցնենք, որ չորրորդ տուժածը` Արկադի Աղաջանյանը, կոտրել էր կողոսկրերը, և նրա վիճակը բավարար է գնահատվում: