Այսօր ժամը 13:00-ին Նալբանդյանի արձանի մոտ հավաքվել են «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» ունեցած միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնության անդամները: Շուրջ 30 քաղաքացիներ ոստիկանների ուղեկցությամբ հուշարձանի մոտից շարժվել են դեպի Քննչական գլխավոր վարչության շենքի մոտ:
Բողոքի ակցիայի մասնակիցները «Ոճիր և պատիժ», «Հանցավոր բարքեր հանցավոր ռեժիմում», «Ոչ օլիգարխիկ բարքերին», «Ոչ ամենաթողությանը», «Արդար քննություն», գրառումներով պաստառներ էին պարզել: Արդար քննություն պահանջողները կանգնած էին մայթեզրին` պաստառները պարզելով դեպի փողոց: Անցնող մեքենաները երբեմն-երբեմն կանգնում էին, և ազդանշանով կամ պարզած բռունցքով ողջունում ակտիվիստներին:
Ակցիան նախատեսված է մինչև ժամը 16:00-ն, սակայն նախաձեռնության անդամներից Դավիթ Սանասարյանը նշել է, որ սա առաջին ակցիան է, և այսօր այն կարող է կարճ տևել, բայց կարևորն այն է, որ ակցիան միավորել է քաղաքացիներին:
Ակցիային մասնակցում են արվեստագետներ, մասնավորապես, դերասան Աշոտ Ադամյանը, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցները ծեծի էին ենթարկել ռեստորան այցելած ռազմական բժիշկներին: Տուժածներից 4-ը տեղափոխվել էին հիվանդանոց: Նրանցից մեկի` Վահե Ավետյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: