Այսօր Ազգային Ժողովում Ջրային պետական տնտեսության կոմիտեի ղեկավար Անդրանիկ Անդրեասյանը ներկայացրել է Սևանի մասին օրենքի նախագիծը, համաձայն որի, ոռոգման նպատակով Սևանա լճից 150 մլն խորանարդ մետրով ավելի ջուր պետք է վերցվի: Այսպիսով, բացթողման քանակը կազմելու է տարեկան 320 մլն խմ:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նախագծի վերաբերյալ հարց է ուղղել Անդրեասյանին` հետաքրքրվելով, թե ինչու արդյունավետ չեն օգտագործվում արտեզյան ջրերը: Նա ասել է նաև, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի օրենքի շրջանակներում թույլ չտալ Սևանի բացասական հաշվեկշիռը, սակայն, տվյալ նախագծի ընդունման դեպքում, օրենքը կշրջանցվի:
Անդրեասյանն ընդունել է, որ նման ռիսկեր կան, սակայն ընդգծել է, որ ռիսկերը հաշվի են առնել: Որպես բացթողման պատճառ Կոմիտեի նախագահը նշել է այն փաստը, որ նախորդ տարի Սևանի մակարդակը նախատեսվածից երկու մետրով ավելի է բարձրացել, իսկ այս տարվա սկզբին աճը կազմել է ևս 34 սմ:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ հարցը պետք է հասարակական հնչեղություն ստանա:
«Սևան լճի մակարդակի նվազեցումը պայմանավորված է նրանով, որ Սևանի ափին գտնվող որոշ անձանց օբյեկտներ պետք է փրկվեն ջրի տակ անցնելուց»,- ասել է Փաշինյանը:
Անդրեասյանը, սակայն, շրջանցել է այդ դիտարկումը:
Հիշեցնենք, որ վերջին օրերին բնապահպանները ահազանգում են Սևանի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ նշելով, որ համաձայն Սևանի մասին օրենքի՝ Սևանից ջրի բացթողման տարեկան առավելագույն քանակ է սահմանված մինչև 170 մլն. խորանարդ մետրը: Սահմանված քանակից ավելի բացթողումներ կարող են թույլատրվել միայն տնտեսական խիստ անհրաժեշտության և չնախատեսված Արտակարգ իրավիճակների դեպքում, ինչը բնապահպանների խոսքով, առկա չէ: