ԱԺ-ի մոտ առավոտյան տեղի ունեցած միջադեպից հետո Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ Վարդգես Գասպարին կեսօրին նորից գնացել է ԱԺ-ի մուտքի մոտ ու բացել «Հայրապետյան մարդասպան», «Ալեքսանյան խուլիգան» պաստառը, որը առավոտյան պատռել էր Գևորգ Մելքոնյանը՝ հանրությանը հայտնի ՀՀՇ-ի Գևորիկ անունով (նախկինում սատարել է ՀՀՇ-ին, այժմ` ՀՀԿ-ին):
Ի դեպ, երբ Epress.am-ի թղթակիցը զրուցելիս է եղել Գասպարիի հետ, դիմացի մայթից Գևորգ Մելքոնյանը հետևել է ընթացքին, իսկ երբ մեր թղթակիցը փորձել է լուսանկարել նրան, նա թաքնվել է ծառի հետևում, այնուհետև մեքենաների, իսկ քիչ անց, նստելով տաքսի, հեռացել է` ինչ-որ բան բացականչելով տաքսու միջից:
«Ակցիայի ժամանակ ես եկա, երևի, Կոնգրեսի որոշ պատգամավորներ արդեն ներս էին մտել. ես հանդիպեցի Հրանտ Բագրատյանին և Լյուդմիլա Սարգսյանին, որոնք մոտեցան, և ես հասկացա, որ մենք տրամաբանորեն շատ ճիշտ ենք աշխատում: Այսինքն` և քաղաքական վեկտորը պառլամենտում, և քաղաքացիական վեկտորը դրսում իրոք պետք է աշխատի, ու ես հասկացա, որ իրար հետ շատ համահունչ են էս երկուսը»,- ասել է Գասպարին:
Ինչ վերաբերում է ոստիկանության գործողություներին, ապա Գասպարին հայտարարել է, որ նրանք «ավելի շատ այս հաստավիզ թիկնապահների ճորտերն են», և ծառայում են որպես ճորտեր, այլ ոչ թե օրենքը պաշտպանողներ:
«Ես կցանկանայի, որ ոստիկանությունը` ի դեմս Վովա Գասպարյանի, եթե ունի արժանապատվության զգացողություն, ինձ դատի տա այս հայտարարության համար: Ես հայտարարում եմ՝ Ոստիկանությունը հանցաշխարհի շարունակությունն է», – հայտարարել է Վարդգես Գասպարին:
Երեկոյան ԱԺ նիստի ավարտին Գասպարին դարձյալ կանցկացնի իր ակցիան:
Նշենք, որ Գասպարիին այսօր միացել է մեկ այլ ակտիվիստ` Լալա Ասլիկյանը: