«Մենք կհաղթահարենք դաժանությունը, ագահությունն ու չարությունը նրանց, ովքեր վախենում են և խոչընդոտում մարդկային առաջընթացին: Ատելությունը կանցնի, բռնապետերը կվերանան, իսկ նրանց իշխանությունը կանցնի հասարակ մարդկանց ձեռքը: Քանի դեռ ապրում է մարդը, ազատությունը երբեք չի վերանա». հունիսի 21-ին «Ժանգոտ դդում» ամենամյա 4-րդ այլընտրանքային կինոփառատոնը մեկնարկել է աշխարհահռչակ կինեռժիսոր և դերասան Չարլի Չապլինի «Մեծ բռնապետը» ֆիլմի հայտնի «վարսահարդարի ճառը» հատվածի դիտումով:
Բռնապետական կարգերի դեմ պայքարող Չապլինին հղում կատարելը հստակ մեսիջ էր պարունակում, քանի որ փառատոնին ներկայացված 25 ֆիլմերի մեծ մասը անդրադառնում էր Հայաստանում առկա համակարգային խնդիրներին, որոնք անհնար են դարձնում ժողովրդավարական հասարակության ստեղծումը:
Փառատոնի նախաձեռնող Սոնա Աբգարյանի խոսքով՝ այն ստեղծվել է որպես այլընտրանք, որը զերծ է գլամուրից, չի պարտադրում որևէ թեմատիկ սահմանափակում, ֆիլմերի նկարահանման տեխնիկական պահանջներ, ուստի մասնակիցներին տալիս է ազատություն ամեն առումով:
Հունիսի 23-ին ՆՓԱԿ-ում տեղի է ունեցել փառատոնի փակումը, մրցանակներ են շնորհվել 4 անվանակարգերում շահած ֆիլմերի հեղինակներին:
Փառատոնի ժյուրիի անդամ, կինոքննադատ Զավեն Բոյաջյանի խոսքով` «Ժանգոտ դդումը» կարևոր է նրանով, որ այն զերծ է պաշտոնական կողմից, ինչը նպաստում է մրցակցության ազատությանը:
«Այստեղ մասնակիցները կարող են հեռանալ արվեստի ավանդական ձևերից, ավելի ստեղծագործական լինել, իրենց արտահայտման միջոցների ընտրության հարցում ազատ լինել»,- ասել է Բոյաջյանը:
Անիմացիայի անվանակարգում մրցանակ շահած ֆիլմը, օրինակ, նկարահանված է ձեռքով ստեղծված նկարների միջոցով, լավագույն սցենարի մրցանակակիր ֆիլմը` համակարգչի տեսախցիկով:
Փառատոնի մասնակից ֆիլմերը նաև տարբերվում են ֆիլմերի ավանդական մեյնսթրիմից իրենց արծարծած խնդիրներով. դրանք անդրադառնում են հայաստանյան իրավիճակին, սակայն չեն ենթարկվում որևէ գրաքննության:
Այն, որ «Ժանգոտ դդումը» չունի պաշտոնական հովանավորչություն, բերում է նաև նրան, որ փառատոնը հայտնի է միայն նեղ շրջանակների համար, ինչը, ըստ Բոյաջյանի, բնական է, քանի որ այս 25 ֆիլմերը պատրաստված կինոդիտողի համար են, և հնարավոր է՝ անհասկանալի թվան ու ոչ մի իմաստ չարտահայտեն պոստմոդերնիզմից, կենցեպտուալ արվեստից անտեղյակ հանդիսատեսին: