Անվտանգության աշխատակիցները ծեծելու համար չեն, նրանք պետք է կարգի հրավիրեն, հանգստացնեն կամ դուրս տանեն ռեստորանում խմած կամ ավելորդ բաներ թույլ տված մարդուն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով
ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի մասին, նման կարծիք է հայտնել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ «Հարսնաքար» համալիրի անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել ռեստորանում գտնվող չորս ռազմական բժիշկներին, որոնք ստացել են ծանր մարմնական վնասվածքներ:
«Իհարկե, դատապարտելի է այդ երևույթը, ինչպես նաև նախկինում եղած շատ երևույթներ: Որովհետև ռեստորանը հասարակական հանգստի վայր է, և այդտեղ բոլորը պետք է իրենց պատշաճ պահեն` թե’ սպասարկող անձնակազմը, թե’ այնտեղ հաճախողները: Այս մշակույթը մի քիչ խեղված է, դեռևս հնուց է դա գալիս` Խորհրդային Միության տարիներից: Էդ ուտել-խմելու, մինչև վերջին բաժակը խմելու և, ասենք, անպատասխանատու հայտարարություններ անելու ու նման պահվածք դրսևորելու երևույթները դեռ կան»,- ասել է Ռազմիկ Զոհրաբյանը:
Վերջինս նաև նշել է, որ պետք չէ պատասխանատվության հարցը դնել միայն իշխանության վրա, քանի որ հասարակությունն էլ պետք է իր վրա պատասխանատվություն վերցնի: Հարցին, թե արդյոք «Հարսնաքարի» միջադեպի համար մեղավորություն չունի Ռուբեն Հայրապետյանը, Զոհրաբյանն ասել է, որ այս հարցում «մեղավորություն ունենք բոլորս», այդ թվում` Ռուբեն Հայրապետյանը:
Լրագրողները Զոհրաբյանից կարծիք են հարցրել մեկ այլ միջադեպի մասին, երբ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պատռել էր ԱԺ-ի մոտ ակցիա անող քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի պաստառը, իսկ պատգամավորի թիկնապահը գետնին էր տապալել նրան:
«Երբ ես ԱԺ էի գնում, այդ նույն Գասպարին պլակատ էր պահել, հետևից էլ գոռում էր` «Հանրապետական բանդիտներ», այսինքն դա ինձ էր ասում: Մի քիչ վիրավորական է, երբ որ մարդիկ չեն կարողանում զսպել իրենց բացասական զգացմունքները և գալիս են, հասարակական վայրում արտահայտվում են: Չի կարելի վիրավորել մարդկանց, ի՞նչ է, նշանակում է ես բանդի՞տ եմ: Էդ իմ կեսնագրությունն ասո՞ւմ է էդ մասին, որ էդ Գասպարին իմ հետևից գոռում է՝ բանդիտ ա», – պատասխանել է Զոհրաբյանը:
Երբ լրագրողները պարզաբանել են, որ խոսքը գնում է այն մասին, թե արդյոք իրավունք ունի Ալեքսանյանը բռնություն գործադրել քաղաքացու նկատմամբ, Զոհրաբյանն ասել է.
«Բռնության իրավունք ոչ ոք էլ չունի, մեր իրավունքները Սահմանդրության մեջ տրված են, հիմա ով է խախտում… դրա համար համապատասխան պատիժներ կան, պետք է դիմել, բողոքել»,- ասել է Զոհրաբյանը: