ԱԺ առաջին նիստերին հետևելիս դեժավյուի տպավորություն էր ստեղծվում, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ է հայտնել «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը:
«Կառավարության ծրագիրը նախորդ ծրագրերից շատ չի տարբերվում. բերվել էր այնպիսի ծրագիր, որը միշտ բերվում էր, այն ավելի շատ հռչակագրի է նման»,- ասել է Սաֆարյանը: Նրա խոսքով՝ նոր ձևավորված խորհրդարանը նույնպես քիչ է տարբերվում նախորդ խորհրդարաններից:
Կառավարության ծրագրի վրա, ըստ Սաֆարյանի, ազդեցություն են թողնում ոչ թե երկրում առկա խնդիրներիը և դրանց լուծմանն ուղղված հարցերը, այլ՝ «ամեն բան ուղղված է նախագահական ընտրություններին: ԱԺ-ն նույնպես սպասարկող հարթակ է լինելու նախագահական ընտրությունների համար»:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, նախկին պատգամավորը նկատեց, թե այն ընդդիմադիր ուժ չէ, ԲՀԿ-ն, ըստ նրա, ընդամենը ընդդիմախոս է:
Ասուլիսի մասնակից ԱԺ ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանն էլ ասել է, թե կառավարության ծրագիրը պետք է քննարկել որպես կառավարության ծրագիր, և պետք չէ այն դիտարկել որպես այլ նպատակին ուղղված ծրագիր:
«Կառավարության ծրագիրը քննարկելիս տպավորություն էր ստեղծվում, թե նախկինում ով ինչ ուներ ասելու, այժմ ասում են ԱԺ-ում, կարծես թե հին հարցերի լուծում էր տեղի ունենում»,- ասել է ՀՀԿ պատգամավորը: