ՀՀԿ անդամ Հակոբ Հակոբյանը կարծում է, որ Կառավարության ծրագրի բովանդակությանն ուղղված քննադատություն ԱԺ-ի առաջին երկու նիստերում չի հնչել:
«ԱԺ-ում Կառավարության ծրագիրը չէր քննարկվում: Մարդիկ, ովքեր իրար հետ հաշիվներ ունեին, հանդիպել էին իրար ԱԺ-ում և քաղաքական պայքարն էին շարունակում: Եթե մարդիկ քաղաքական վեճի մեջ են, բնական է, որ քաղաքական քննարկում չի լինի: Մենք պետք է սովորենք քննադատել արդյունքի հասնելու համար: Այդ ծրագիրը արդեն արժանացել է հասարակության հավանությանը, այլապես այլ կուսակցութուն կլիներ մեծամասնություն ԱԺ-ում»,- լրագրողների հետ հանդիպմանը ասել է Հակոբ Հակոբյանը:
Նոր ձևավորված ԱԺ-ի աշխատանքներին հետևելուց «Ժառանգության» անդամ Ստյոպա Սաֆարյանն էլ դեժյավյուի զգացողություն է ունեցել: Բանախոսը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ Կառավարության ծրագիրը քննարդատվել է այնպես, ինչպես նախորդ գումարման ԱԺ-ում:
«ԱԺ ամբիոնը լինելու է խոսքի ամբիոն, ոչ ավելին, և չի նպաստելու լուծել բազում խնդիրները, որ կան մեր երկրում»,- ասել է Սաֆարյանը:
ՀՀԿ-ական պատգամավորը հորդորել է ընդդիադիրներին քննադատելու փոխարեն օգնել, որպեսզի Կառավարության ծրագիրը կյանքի կոչվի: «Դուք պետք է իշխանության ծրագիրը հասանելի դարձնեք հասարակությանը, քանի որ դուք` «Ժառանգությունը», ծրագիր չունեք»,- դիմելով Սաֆարյանին՝ ասել է Հակոբ Հակոբյանը:
ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ եթե մինչ այժմ իշխանությունները վարել են աղքատության մեղմման քաղաքականություն, ապա այս տարվանից ՀՀԿ-ն սկսելու է աղքատության վերացման քաղաքականություն:
Հիշեցնենք, որ մեղմման քաղաքականության արդյունքում վերջին չորս տարիների ընթացքում աղքատության մակարդակը 10%-ով աճել է: