Եվրո-2012-ի կիսաեզրափակիչ դուրս եկած բոլոր թիմերը հայտնի են: Երեկ Իտալիայի հավաքականը երկար և հոգնեցուցիչ պայքարում հաղթեց Անգլիային և վերջին թիմը դարձավ, որը քառյակի ուղեգիր նվաճեց:
Եվրո-2012-ի քառորդ եզրափակչի վերջին երկու հանդիպումները ինչ-որ չափով հիասթափեցրեցին երկրպագուներին: Շաբաթ օրը խաղադաշտ դուրս եկած Իսպանիայի և Ֆրանսիայի հավաքականներն անհետաքրքիր և հոգնեցուցիչ հանդիպում անցկացրեցին: Դա, առաջին հերթին, «շնորհիվ» Ֆրանսիայի ընտրանու, որը անատամ ֆուտբոլ խաղաց: Իհարկե, դա կապված էր նաև այն փաստի հետ, որ Իսպանիայի հավաքականը հաջողությամբ կիրառեց անվերջ գնդակ պահելու իր մարտավարությունը, սակայն միևնույն է ֆրանսիացիներն ավելի զանազան և ակտիվ կարող էին լինել:
Երևում էր, որ մի քանի օրվա ընթացքում Ֆրանսիան պարզապես վերացել է որպես թիմ: Վերջին օրերի բախումները Նասրիի և Դիարայի, մարզչի` Բլանի և Հատեմ Բեն Արֆայի միջև արել էին իրենց գործը: Բլանը որոշել էր խնդիրներ առաջացրած Դիարային, Նասրիին և Բեն Արֆային խաղադաշտ դուրս չբերել, և պաշտպանողական կազմ էր ընտրել:
Սակայն դա էլ չօգնեց. թիմի լավագույն ֆուտբոլիստներից մեկի` Դիարայի բացակայությամբ, Ֆրանսիան արագ զիջեց կենտրոնը, իսկ իսպանացիներից գոլի հեղինակ դարձավ Չավի Ալոնսոն, ում երկու հենակետայինները` Կաբայը և Մ’Վիլան չհետապնդեցին, և նա ազատ գործելու հնարավորություն ստացավ: Ալոնսոն հանդիպման վերջում նաև 11-մետրանոց իրացրեց` ամրագրելով հանդիպման վերջնական հաշիվը` 2:0:
Չնայած իսպանացիները կարիք չունեին ավելի մեծ ջանքեր գործադրելու, նրանք էլ մասնագետների կողմից քննադատության արժանացան: Իսպանիայում նշում են, որ Դել Բոսկեի թիմի ցուցադրած ֆուտբոլը ձանձրացնում է և ակնհայտորեն զիջում է 2010-ի և հատկապես 2008-ի Իսպանիայի հավաքականներին: Մեծ հաշվով Իսպանիա-Ֆրանսիա խաղում լուրջ գոլային պահեր չեղան, թեև խաղն ավարտվեց 2:0 հաշվով:
Ի տարբերություն շաբաթ օրը կայացած քառորդ եզրափակչի, կիրակնօրյա խաղում գոլեր չեղան, չնայած պահերը շատ էին: Բայց այս հանդիպումն էլ հիասթափեցնող էր այն առումով, որ Անգլիայի հավաքականը ողջ խաղի ընթացքում անհույս ֆուտբոլ խաղաց:
Տպավորություն էր, որ խաղում էին միայն իտալացիները, իսկ Անգլիայի ընտրանին առաջին րոպեից ժամանակ էր ձգում` փորձելով գործը հասցնել 11-մետրանոցների: Իտալացիները բազմաթիվ պահեր չօգտագործեցին, երկու անգամ Անգլիայի օգնության հասավ դարպասաձողը, մի քանի անգամ իտալացիները դարպասը չգրավեցին մոտ տարածությունից: Ընդհանուր առմամբ, 120 րոպեի ընթացքում Անգլիայի դարպասապահ Ջո Հարթը 19 հարված հետ մղեց կամ որսաց, ինչն այս առաջնության ռեկորդն է:
11-մետրանոցների հարվածաշարում հենց իտալացիները առաջինը վրիպեցին. շեղ հարվածեց Ռիկարդո Մոնտոլիվոն: Սակայն դրանից հետո Պիրլոն հիասքանչ հարվածով գրավեց դարպասը` հավասարակշռությունից հանելով անգլիացիներին: Վերջիններիս կազմում վրիպեցին Էշլիները` Յանգն ու Քոուլը: Վերջինիս հարվածը Բուֆոնը որսաց, իսկ վերջակետը դրեց Ալեսանդրո Դիամանտին:
Հունիսի 27-ին կայանալիք առաջին կիսաեզրափակիչում Իսպանիան կմրցի Պորտուգալիայի հետ, իսկ հաջորդ օրը իտալացիները կհանդիպեն գերմանացիներին: