Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդները երեկ երեկոյան Երևանի կենտրոնում անցկացրել են հունիսի 26-ի ՀԱԿ-ի հանրահավաքի իրազեկման երթ` ֆլեշ-մոբ:
Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստ Արեգ Գևորգյանը Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ երթի ժամանակ երիտասարդները շապիկներ էին հագել, որոնց վրա գրված էր «Հեղափոխությունը ես եմ»:
«Կոնգրեսի երիտասարդների մի մասը թմբուկներով տարբեր ջազային երաժշտական իմպրովիզացիաներ էին անում, և երթի ընթացքում հիմնականում հնչում էր Մորիս Ռավելի «Բոլերոն»: Եվ այդ երաժշտության միջոցով մենք գրավում էինք քաղաքացիների ուշադրությունը, կոչ էինք անում մասնակցել վաղվա հանրահավաքին, ինչպես նաև բաժանում էինք ՀԱԿ-ի թերթոնները», – ասել է Գևորգյանը:
Նրա փոխանցմամբ` երիտասարդները 5-10 րոպեանոց համերգներ են անցկացրել Հյուսիսային պողոտայում, Առնո Բաբաջանյանի արձանի մոտ, Ազատության հրապարակում:
«Քաղաքացիները հավաքվում, լսում էին, երեխաները նկարվում էին երաժիշտների հետ: Շատ գեղեցիկ ու դրական ակցիա ստացվեց: Երթի ժամանակ էլ
անցորդների արձագանքը դրական էր, բոլորի դեմքին ժպիտ կար: Մի փոքրիկ էլ իր մայրիկին ստիպեց և Ամիրյան փողոցից մինչև Ազատության հրապարակ եկավ մեզ հետ, որպեսզի լսի երաժշտությունը և լուսանկարվի երիտասարդների հետ»,- պատմել է Գևորգյանը:
Ֆլեշ-մոբի ընթացքում որևէ միջադեպ չի եղել: