Home / Հայաստան / Նախկին քաղաքապետին պետք է մեղադրանք առաջադրել խաբված բնակիչների գործով. կարծիք

Նախկին քաղաքապետին պետք է մեղադրանք առաջադրել խաբված բնակիչների գործով. կարծիք

Շինարարական «Նարեկ Շելթեր» ընկերության տնօրեն Սիմոն Աղազարյանի դեմ հարցուված  և արդեն 1,5 տարի քնվող գործի հերթական նիստն է տեղի ունեցել այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի դատարանում: Հիշեցնենք, որ, ըստ մեղադրանքի, 2006-2008 թվականներին Սիմոն Աղազարյանը Բուզանդի 9 (13-21) հասցեում կառուցվելիք շենքում բնակարանների նախնական առուվաճառքի պայմանագրեր է կնքել 65 քաղաքացիների հետ, վերցրել է նրանցից ավելի քան 3 միլիարդ 300 միլիոն դրամ, որից մոտ 1 միլիարդ 325 միլիոնը յուրացրել է` բնակարանները չհանձնելով տերերին:

Այսօրվա նիստում Աղազարյանի պաշտպան Հովիկ Արսենյանը պաշտպանական ճառն է հնչեցրել: Ըստ փաստաբանի՝ Աղազարյանի գործում հանցակազմը բացակայում է և այն պետք է կարճվի:

Արսենյանն ասել է, որ դա քաղաքացիական-իրավական խնդիր է, ոչ քրեական, քանի որ իր պարտավորությունների իրականացման մեջ է Աղազարյանը թերացել և ոչ թե գումար է յուրացրել: Նա ասել է, որ 10 քաղաքացիներ դիմել են դատարան և շահել են գործը, իսկ ոմանք դիմել են ոստիկանություն, որի հետևանքով անհիմն գործ է հարուցվել:

«Բուզանդի 13-21 շենքի աշխատանքները գնահատվում են 2 միլիարդ 625 միլիոն դրամի չափով: Եթե Աղազարյանը գումարը յուրացրել է, ինչպե՞ս է այդքան ծախս արել», – ասել է պաշտպանը: Ըստ նրա` Աղազարյանի դեմ գործ են հարուցել այն բանից հետո, երբ աղմուկ բարձրացավ կապված մեկ այլ շինարարական ընկերության` «Գաբբնակշինի»  և դրա տնօրեն Մխիթար Պապոյանի հետ, ում Արամի 72-80 հասցեում կառուցվող շենքերի մոտ 150 բնակիչները մեղադրում են իրենց թալանելու մեջ: Տեղեկացնենք, որ այս երկու ընկերությունները ինչ-որ ժամանակ համագործակցել են: Պապոյանը միևնույն բնակարանները մի քանի անձանց է վաճառել:

Համաձայն «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Բաղդասարյանի, ամբողջ պատմության մեջ մեղավորն ոչ այնքան անհատներն են կամ շինընկերությունները, այլ նրանց գործողությունները հովանավորած կառավարությունը, քանի որ քաղաքացիների հետ պայմանագրերը ստորագրվել են նոտարական գրասենյակում` քաղաքապետարանի միջնորդությամբ:

«2004թ. հունիսին 909-րդ որոշմամբ Երվանդ Զախարյանը (այն ժամանակվա քաղաքապետ) առանց մրցույթ անցկացնելու Երևանում կենտրոնում կառուցապատման իրավունքներ տվեց «Ավանտուր» և «Գաբբնակշին» ընկերություններին: Ավելին` հետո այդ կառավարության որոշման մեջ փոփոխություն մտցրեց` «Ավանտուրը» փոխարինելով «Վիզկոն» ընկերությամբ», – ասել է Բաղդասարյանը:

Ըստ Բաղդասարյանի` բնակիչներին խաբելու համար առաջին հերթին մեղադրանք պետք է առաջադրվի քաղաքապետարանի դեմ: