Հայաստանում վերջերս հաճախացած դաժան ծեծերը իշխանություն ունեցող կամ դրա հովանավորությունը վայելող անձանց կողմից իրականացված նմանատիպ հանցագործությունները կոծկելու հետևանք են, ինչպես նաև քաղաքական իշխանության և քաղաքական առանձին ուժերի կողմից բռնության դեպքերը ուղղակի հովանավորելու, բռնության դեպքերը չդատապարտելու վարքագծի: Այս մասին ասված է «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» հասարարական նախաձեռնության խմբի անդամների հայտարարության մեջ:
«Տեղի ունեցածը ակնհայտ մարտահրավեր է ամբողջ հասարակությանը, իրավական համակարգին, քաղաքացուն: Մենք, դատապարտելով բռնություն կատարած անձանց գործողությունները, գտնում ենք, որ նրանց մոտ առկա է եղել վստահությունն իրենց անպատժելիության մեջ: Ուստի սույն միջադեպի պատասխանատվությունն ընկնում է նաև ողջ քաղաքական իշխանության և մասնավորապես այդ իշխանության ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանի, նաև` Սամվել Ալեքսանյանին վրա, որոնց հովանու ներքո անպատժելի գործել ու գործում են բռնություն գործադրած անձինք»,- ասված է հայտարարության մեջ:
Խումբը իր բաց նամակում կոչ է արել իրավապահ մարմիններին դադարեցնել հանցագործության իրական պատկերի կոծկման, պարտակման, խեղաթյուրման ակնհայտ փորձերը, հանրությանը պարբերաբար զեկուցել դեպքի քննության ընթացքի մասին, իրականացնել անհրաժեշտ միջոցառումները` պարզելու համար Ռուբեն Հայրապետյանի անձի գործոնի ազդեցությունը դեպքը տեղի ունենալու, դեպքի ընթացքի ու ելքի վրա, իրականացնել անհրաժեշտ միջոցառումները` վերոնշյալ ոչ իրավաչափ գործողությունների համար Սամվել Ալեքսանյանին պատասխանատվության ենթարկելու նպատակով (ԱԺ-ի մոտ ակցիա անցակցնող ՀՀ քաղաքացի Վադգես Գասպարիի նկատմամբ ակնհայտ ապօրինի գործողություն է իրականացնելու համար) ապահովել տուժածների և նրանց հարազատների անվտանգությունը և բացառել հնարավոր ճնշումները նրանց նկատմամբ, «Հարսնաքար» համալիրը ճանաչել որպես քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար պատասխանատու իրավաբանական անձ ու պարտադրել վնասի փոխհատուցում տրամադրել ՀՀ օրենսդրությանը համապատասխան, պատասխանատվության կանչել հանցագործության մասին իմացած, տեղում ներկա եղած ու անգործություն ցուցաբերած, դաժան ծեծը կանխել կամ դադարեցնել չփորձած անձանց, պարզել և հրապարակել ոստիկանությանը ապատեղեկացրած անձի տվյալները, որը հայտնել էր, թե իբր բժիշկներն են հարձակվել «Հարսնաքարի» վրա, ինչի հետևանքով գործի քննությունը սկզբնական շրջանում գտնվում էր ՊՆ ենթակայության տակ, ինչպես նաև օրենքի շրջանակներում պատասխանատվության կանչել այդ անձին:
Epress.am-ի կողմից ստացված և ստորև ներկայացված տեսանյութում ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի ներկայացուցիչների մեջ երևում է գործով անցնող մեղադրյալներից մեկը` Գարիկ Մարգարյանը: Տեսանյութը նկարահանված է մայիսին: Հիշեցնենք, որ համացանցում մինչ այս տարածվել էր ևս մեկ տեսանյութ, որտեղ Հայրապետյանին ուղեցողների թվում նույնպես երևում է Գարիկ Մարգարյանը: