Ղարաբաղյան հակամարտությունը տարածաշրջանային շատ բարդ խնդիր է: Այս մասին Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերն ասել է այսօր Երևանում կայացած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Նա ընդգծել է, որ Երևանում ծանոթացել է հայաստանյան կողմի դիրքորոշմանը, իսկ մինչ այդ տեղյակ էր խնդրի վերաբերյալ Ադրբեջանի և Թուրքիայի մոտեցումներին, և կարող է ասել, որ խնդրի չի կարող լուծվել ուժային տարբերակով:
Ֆիշերը կարևորել է շփման գծից դիպուկահարների հետ քաշելը` հույս հայտնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կշարունակի աշխատանքն այդ ուղղությամբ:
Սերժ Սարգսյանը, իր հերթին, նշել է, որ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք գոյություն չունի, և հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
«Մենք բարձր ենք գնահատում Ավստրիայի ցուցաբերած հավասարակշռված դիրքորոշումը արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում և այն հաստատակամությունը, որով Ավստրիան աջակցում է տարածաշրջանային հակամարտությունները բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու մեր ձգտմանը», – հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարը նաև ընդգծել է, որ մի քանի օր առաջ մեքսիկական Լոս Կաբոս քաղաքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահները հայտարարել են և կոչ արել կողմերին, որպեսզի նրանք պահպանեն 1994թ. կնքված հրադադարի պայմանները, պահանջներն ու նաև շեշտել, որ ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի Հելսինկյան եզրափակիչ ակտում արձանագրված սկզբունքների հիմա վրա, այն է՝ ուժի ու դրա սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգում և պետությունների տարածքային ամբողջականության պահպանում:
«Մենք պատրաստ ենք այս սկզբունքների հիման վրա շարժվել առաջ, և որքան շուտ կարգավորվի հարցը, այնքան մենք ուրախ կլինենք: Խնդրի շուտափույթ կարգավորումը բխում է Հայաստանի և ԼՂ ժողովուրդների շահերից: Թե որո՞նք են խանգարող պատճառները, կարծում եմ վերջին ամիսների ընթացքում միջազգային հանրությունը կարողացել է դրանում համոզվել. Ադրբեջանը որդեգրել է առավելապաշտական դիրքորոշում՝ խոսքերով համաձայն լինելով այս երեք սկզբունքների հետ: Իրականության մեջ Ադրբեջանն այս երեք սկզբունքներից ընդունում է միայն մեկ՝ պետության տարածքային ամբողջականության սկզբունքը՝ բացառելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և խնդիրների խաղաղ կարգավորման սկզբունքը», – եզրափակել է Սերժ Սարգսյանը: