Կառավարության առաջարկած ծրագիրը կրթության ոլորտի մասով մարդակենտրոն է, այսօր լրագարողների հետ հանդիպմանը հայտարարել է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Որքան էլ հասարակությունը հոգնել է փոփոխություններից, այնուամենայնիվ, առաջիկա 5 տարիներին դրանք լինելու են», – ասել է Աշոտյանը ու նշել, որ դրված նպատակներին հասնելու համար իրենք այժմ մշակում են ժամանակացույց:
Նախարարը կարևորել է ծրագրի մի քանի կետեր, մասնավորապես, պարտադիր 9-ամյա կրթության անցնելը: Նա նշել է, որ, չնայած քննադատությանը, 12-ամյա կրթական ծրագիրը փոփոխություն չի կրելու: Սա ենթադրում է, որ մինչև 9-րդ դասարան սովորելը պարտադիր է, իսկ 9-րդ դասարանն ավարտածները պարտավոր են շարունակել ուսումը կամ ավագ դպրոցում, կամ միջին մասնագիտական ուսումնարանում:
Ծրագրի ևս մեկ կետ, ըստ Աշոտյանի, այն է, որ նախատեսվում է առաջին դասարանցիներին ապահովել անվճար համակարգիչներով, որոնք հագեցած կլինեն հայալեզու բովանդակությամբ:
Բուհական ոլորտում ևս Արմեն Աշոտյանը փոփոխություններ է խոստանում: Այսպես, գալիք 5 տարիների ընթացքում 5 հայկական բուհ կանցնի միջազգային հավատարմագրում, փոխվելու են բուհերի ֆինանսավորման մեխանիզմները: Կառավարությունը նաև նպատակ ունի լուծել բարձրագույն կրթության հասանելիության խնդիրը, խրախուսել սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների կրթություն ստանալու իրավունքը: