Home / Տեսանյութեր / Արդարադատության նախարարությունը խախտել է քաղաքացու իրավունքը, պնդում է օմբուդսմենի գրասնեյակը

Արդարադատության նախարարությունը խախտել է քաղաքացու իրավունքը, պնդում է օմբուդսմենի գրասնեյակը

Արդարադատության նախարարությունը խախտել է քաղաքացի Վարդանուշ Թովմասյանի իրավունքը, տարածած հաղորդագրության մեջ տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Վարդանուշ Թովմասյանը պարտքով գումար էր տվել մի քաղաքացու, որը հրաժարվում էր վերադարձնել այն։ Թովմասյանը դիմել էր դատարան՝ իրեն հասանելիք գումարը ստանալու համար։

Դատարանի որոշմամբ` Արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայությունը պարտքի գումարի չափով պետք է արգելանք դներ գումարը չվերադարձրած քաղաքացու գույքի վրա: Սակայն նախարարության հարկադիր կատարման ծառայությունը ձգձգել էր դատարանի որոշման կատարումը, այնինչ օրենքով պարտավոր էր անհապաղ արգելանք դնել գույքի վրա։

«Այս արհեստական և չհիմնավորվածձգձգման հետևանքով պարտապանը հասցրել էր վաճառել իրեն պատկանող սեփականությունը, և, չնայած դատարանի վճռով Վարդանուշ Թովմասյանին պետք է վերադարձվեր իր գումարը, սակայն Արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության կողմից օրենքի խախտման հետևանքով, նա զրկվել էր իրեն պատկանող և ծայրահեղ անհրաժեշտ գումարից:

Պաշտպանը այս գործով ընդունել է պետական մարմնի՝ Արդարադատության նախարարության կողմից մարդու իրավունքների խախտման մասին որոշում  և պահանջել օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել խախտումը թույլ տված հարկադիր կատարողներին: ՀՀ արդարադատության նախարարությունը հրաժարվել է պատասխանատվության ենթարկել իր իրավախախտ աշխատակիցներին՝ նրանց գործողությունները որակելով որպես «ենթադրյալ բացթողումներ, որոնք էական ազդեցություն չեն ունեցել գործի ամբողջական արդյունքների վրա»», – ասված է հաղորդագրության մեջ:

ՄԻ պաշտպանի գրասենյակը նշում է, որ հարկադիր կատարողների ապօրինի գործողությունները կարող են մեկնաբանվել որպես անուշադրություն օրենքի պահանջների նկատմամաբ կամ բացթողումներ, սակայն այն կարող է դիտարկվել նաև պարտապանին շահադիտական նպատակներով մատուցված ծառայություն ի հաշիվ մեկ այլ քաղաքացու:

«Նման արատավոր երևույթները հետագայում կանխելու նպատակով անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել պետական համապատասխան ծառայողներին: Հակառակ դեպքում անհնար է պատկերացնել Արդարադատության նախարարության համակարգում կոռուպցիայի և իրավախախտումների վերացումը կամ գոնե նվազումը, որին նպաստում է սեփական աշխատակիցների ապօրինություններին իրավական համարժեք արձագանքի բացակայությունը», – եզրակացնում է օմբուդսմենի գրասենյակը: