Այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ նստացույց են անցկացրել Արամի, Բուզանդի, Եկմալյան փողոցների խաբված բնակարանատերերը, ովքեր նշել են, որ եկել են նոր ձևավորված կառավարության հին, բայց «նոր ռեմոնտ արած դեմքերի» ու վարչապետի մոտ ու նրանցից պահանջում են իրենց բնակարանները:
2006 թվականին բնակիչները դուրս են եկել իրենց տներից, որոնք հետագայում քանդել են, և դրանց փոխարեն կառուցվել են նոր բազմաբնակարանային շենքեր: 2006 թվականին «Գապբնակշին» ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանը պայմանագիր է կնքել իրենց հետ շենքը պատրաստ լինելուց հետո բնակարանով ապահովելու պայմանով, սակայն բնակարանները մինչ օրս չեն ստացել, դրանք վերավաճառվել են երրորդ անձանց: Պապոյանը ձերբակալվել է, ընթանում է քննություն:
Բողոքավորները կառաարություն էին եկել նորածին ու դպրոցահասակ երեխաների հետ ու նստել անմիջապես շենքի մուտքի մոտ գտնվող աստիճաններին: Չնայած ոստիկանների հորդորներին, նստացույցի մասնակիցները պնդել են, որ այլևս որևէ մեկի հաշվետու չեն ու չեն պատրաստվում հեռանալ:
«Մենք պատրաստվում ենք հայցով ուղղակի դիմել Եվրոդատարան ու ընդգծել, որ մեր երկրի իշխանությունը ռեկետի է ենթարկել սեփական հայրենակիցներին», – նշել է բողոքողներից Սոնա Մաղաքյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում ամեն ինչ կատարվում է իշխանավորների գործուն համագործակցությամբ՝ կան աթոռավոր ու առանց աթոռի գողեր:
«Ամենամեծ գողության հիմնադիրը Երվանդ Զախարյանն է, վերջակետ դնողը՝ նախագահի վերահսկողության բաժնի պետ Հովհաննես Հովսեփյանը», – ասել է Մաղաքյանը:
Բողոքող կինը հիշեցրել է, որ մայիսի 4-ին ինքը երկու բնակիչների հետ Հանրապետական կուսակցության գրասենյակի մոտ անձամբ նամակ է հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
«Միամիտ մարդ էի, մտածեցի՝ նամակ գրեմ «հայոց թագավորին»՝ կարծելով թե նա տեղյակ չէ մեր խնդրից: Ոտքի տակ տրորվելով՝ մոտեցա ու ուզում էի նամակս տալ, նախագահն ասաց՝ տվեք օգնականին, ասացի՝ պարոն նախագահ՝ չեմ վստահում, 20 անգամ տվել եմ, բայց տեղ չեն հասել: Նամակները վերցրեց ՀՀ նախագահի օգնական Արմեն Աբելյանը, ով պառտակում է Հովսեփյանի ռեկետը: Շաբաթներ հետո գնում ենք նախագահական, ու նամակները չկան: Թող պատասխանեն մեր վերադասները՝ ո՞վ կերավ նամակները: Եթե մինչ հիմա մտածում էիք, թե նախագահը կիմանա ու կլուծի այս հարցը, հիմա ամեն ինչ պարզ է՝ Սերժ Սարգսյանը թքած ունի բոլորիս վրա», – պատմել է Մաղաքյանը:
Ակցիայի մասնակից Անահիտ Պողոսյանը, կառավարության աստիճաններին կանգնած, զայրացած բողոքել է, թե ինչպես է նախընտրական շրջանում տուն ստանալու սուտ խոստումների դիմաց ձայներ հավաքել ՀՀԿ-ի օգտին:
«ՀՀԿ-ական Ռուբեն Սադոյանին դիմեցի, որ օգնի, նա էլ ասաց՝ անպայման կօգնեմ այդ հարցով՝ կխնդրեմ վերահսկիչ հանձնաժողովին, որ ստանաս բնակարանդ: Նա ինձ պատվիրեց աշխատել Գարեգին Նուշիկյանի համար ու ես դռնեդուռ ընկած ձայներ հավաքեցի: Այսօր, երբ Նուշիկյանն ընտրվել ու նստել է իր փափուկ աթոռին, լիրվ մոռացել է, որ ես իրեն եմ ընտրել, իսկ Ռուբեն Սադոյանն արդեն արձակուրդ է գնացել՝ իր գործերն ավարտված համարելով», – պատմել է կինն, ինչին ի պատասխան անցորդները հակադարձել են՝ լավ էլ արել են ձեզ, դեռ մի բան էլ քիչ են արել:
«Ինձ միայն 40.000 դրամ են տվել՝ 7 օր վազվզելու ու ամբողջ շենքին համոզելու համար, որ ընտրեն Նուշիկյանին: Ընտրություններն անցան, մոռացան ամեն ինչ, ու ես հիմա պատրաստվում եմ եմ աղջկաս՝ Լիլիթ Սարգսյանի հարցը թողնել Եվրոդատարանին, եթե դա էլ չստացվի՝ ջարդելու եմ բնակարանի դուռն ու նստեմ», – ասել է Պողոսյանը:
Ավելի ուշ՝ նստացույցի մասնակիցներին է մոտեցել Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, ով բնակիչներին հորդորել է զինվել համբերությամբ ու սպասել հանձնաժողովի աշխատանքին:
«Խելամիտ ժամկետներում հարցին լուծում կտրվի, փոխանակ օգնեք, հրաժարվում եք մասնակցել աշխատանքներին», – ասել է նա, ինչը բորբոքել է բնակիչներին:
Վերջիններս զայրացած ասել են , որ իրենց մասնակցելու առաջարկություն չի արվել:
«Բավական է արդեն, 4 թոռներս մեծացան պատերի տակ, ինչքա՞ն համբերենք», – ասել է Ֆլորա Սարուխանյանը ու հայտարարել, որ վրան է բերելու ու ընտանիքով գիշերելու է կառավարության շենքի բակում: