Հազիվ թե գտնվի մեկը, որ անկեղծաբար կարծի, թե ԱԺ-ում ստեղծված նոր իրավիճակը, որի գլխավոր առանձնահատկությունը իշխանական մոնոլիտի քայքայումն է, ստեղծվել է ինքնաբերաբար, այլ ոչ թե ընդդիմադիր ուժերի մտածված քայլերի, ավելի կոնկրետ, Հայ Ազգային Կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, Դաշնակցության և մասամբ «Ժառանգության» նախընտրական փուլում ծավալած համագործակցության արդյունքում։ Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքի ժամանակ հնչեցրած ելույթի ներքին քաղաքականությանը վերաբերող հատվածում այս մասին ասել է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Բայց դրանով հանդերձ, ոմանց համար, թե՛ Կոնգրեսի ներսում, թե՛ նրանից դուրս, դժվար է խոստովանել այդ բանը, որովհետեւ ընտրություններից առաջ նրանք բոլորովին այլ սցենարներ էին գուշակում՝ այն է, որ «Բարգավաճն» ընտրություններին մասնակցելու է ՀՀԿ-ի հետ կազմած միասնական ցուցակով, որ մնալու է իշխող կոալիցիայի կազմում, որ ընդդիմադիր խաղալով ու ընդդիմությունից ձայներ փախցնելով, միևնույն է, վերջիվերջո բռնելու է ախքացման ճանապարհը և այլն։ Թեև այդ ամենը տեղի չունեցավ, այլ ընդհակառակը, «Բարգավաճ Հայաստանը» թե՛ ընտրությունների ընթացքում, թե՛ կառավարության ծրագրի քննարկման ու քվեարկության ժամանակ լիարժեք կերպով համագործակցեց ընդդիմադիր մյուս ուժերի հետ, բայց դա չի խանգարում, որ ոմանք այսօր էլ փորձեն կասկածներ սերմանել և նսեմացնել մեր երկրում հաստատված ու գրեթե բոլորի կողմից գնահատված նոր քաղաքական իրադրության նշանակությունը։ Այդ նպատակին հասնելու համար սովորաբար կիրառվում է երկու հնարք՝ առաջին. «Բարգավաճի» ցանկացած գործողության ետեւում տեսնել Ռոբերտ Քոչարյանի ականջները և վերջինիս վերադարձի սպառնալիքով սարսափեցնել ժողովրդին, և երկրորդ. հասարակությանն ամեն կերպ համոզել, որ «Բարգավաճ Հայաստանն» իրականում ընդդիմություն չէ, քանի որ այդ մասին, ԱԺ կանոնակարգի պահանջին համապատասխան, հայտարարություն չի արել։
Մամուլում տիրող շփոթն այնքան մեծ է, որ, ըստ երևույթին, հարկ կա առանձին-առանձին անդրադառնալու այս երկու հնարքներին էլ։ Նախևառաջ, դեմագոգիան մեկ կողմ դնելով, մեկանգամընդմիշտ պետք է արձանագրել, որ Քոչարյանի վերադարձի սպառնալիքով ժողովրդին սարսափեցնելը հետապնդում է մեկ ակնհայտ նպատակ, այն է՝ Սերժ Սարգսյանի, որպես չարյաց փոքրագույնի, իշխանության ամրապնդումը, քանի որ այդպիսի սպառնալիք իրականում գոյություն չունի, և Քոչարյանն ինքը, հոկտեմբերի 27-ի ոճրագործության և մարտի 1-ին հեղված արյան մեղքի տակ կքած, Հայաստանի ամենասարսափած մարդն է։ Եվ երկրորդ՝ ընդդիմություն լինել-չլինելը բնորոշվում է ոչ թե այդ մասին արված հայտարարությամբ, այլ որևէ քաղաքական ուժի կոնկրետ կարգավիճակով։ Ժողովրդավարական երկրներում բոլոր այն կուսակցությունները, որոնք կառավարության մաս են կազմում, իշխանություն են, իսկ որոնք դուրս են կառավարությունից, ընդդիմություն են, անկախ այն բանից՝ այդպիսի հայտարարություն կանեն, թե ոչ։ Ուստի ԱԺ կանոնակարգի այդ դրույթը պարզապես հիմարություն կամ, ոսկեղենիկ հայերենով արտահայտված, իդիոտիզմ է, որն առաջին իսկ հնարավորության դեպքում ընդդիմադիր պատգամավորների պահանջով, որպես խայտառակություն, պետք է վերացվի։ Իմ կարծիքով, այնքան էլ հաջող չէ նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «իշխանության այլընտրանք» ինքնահորջորջումը, քանի որ բոլոր ընդդիմություններն էլ ինքնըստինքյան իշխանության այլընտրանք են։ Որևէ կուսակցության համար ընդդիմություն լինելը ոչ թե նվաստացում է, այլ պատիվ, ուստի ամենևին պետք չէ խրտնել այդ բառից», – հայտարարել է Տեր-Պետրոսյանը։
ՀԱԿ առաջնորդը նաև արձանագրել է, որ, նրա խոսքով, անկախ կոչված որոշ մամուլի միջոցներ և քաղաքական ուժեր, այդ թվում նաև Հայ Ազգային Կոնգրեսից անջատված տարրեր, անցյալ տարվա հոկտեմբերից սկսած պայքարել և, հակառակ իրենց կանխատեսումների չարդարացման, այսօր էլ շարունակում են պայքարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընդդիմացումը և քաղաքական մյուս ուժերի, հատկապես Կոնգրեսի հետ, համագործակցությունը վիժեցնելու համար` նպատակ հետապնդելով «Բարգավաճին» կրկին մղել Սերժ Սարգսյանի գիրկը։
«Այսինքն, փոխանակ «Բարգավաճի» անկախացման ձգտումը քաջալերելու և նրան Սերժ Սարգսյանից ու ՀՀԿ-ից ավելի հեռացնելու, նրանք, իբրև-թե գաղափարական նկատառումներով, բայց իրականում ամբոխավարական էժանագին հնարքներով, բարոյական ու հոգեբանական ճնշում են բանեցնում «Բարգավաճի» վրա՝ վերականգնելու համար իշխանական նախկին մոնոլիտը։ Ավելի պարզ ասած՝ նրանք ձգտում են անել այն, ինչ ոչ մի կերպ չհաջողվեց անել Սերժ Սարգսյանին, այն է՝ «Բարգավաճին» նորից դարձնել Հանրապետական կուսակցության կցորդն ու հլուհնազանդ կամակատարը։ Այդ խնդիրը լուծելու համար իշխանությունն, իր կողմից, բացի քարոզչական միջոցներից, բնականաբար, օգտագործելու է, և կարծես-թե արդեն իսկ սկսել է օգտագործել նաև հարկային, ուժային և վարչական ճնշումների մեխանիզմները։ Լուրջ քաղաքական գործոն դառնալու հավակնություն ունեցող ցանկացած ուժ, տվյալ պարագայում «Բարգավաճ Հայաստանը», պետք է կարողանա դիմանալ այդ ճնշումներին և չվախենա դրանցից։ Էլ ինչ քաղաքական ուժ, որ պետք է ընկրկի ճնշումների առաջ։ Եթե այս ամենից հետո «Բարգավաճ Հայաստանը» հնազանդություն հայտնի Սերժ Սարգսյանին, ապա դա կլինի նրա, որպես քաղաքական գործոնի, վերջը։ Հետևաբար, նրա գոյության և քաղաքական ապագայի միակ երաշխիքը մնում է իրական ընդդիմություն դառնալու նրա վճռականությունը, և մեր երկրի ճակատագրով մտահոգ բոլոր առողջ ուժերը պարտավոր են ոչ թե խանգարել, այլ նպաստել դրան, քանզի բացի երկրի շահերից բխող նկատառումներից, այդ է պահանջում նաեւ քաղաքականության այբուբենը։ Այս տարրական ճշմարտությունը հասկանալու համար յուրաքանչյուր ոք պետք է ընդամենը իրեն մեկ հարց տա. կոալիցիոն կառավարությանը մաս կազմելուց «Բարգավաճ Հայաստանի» հրաժարումը ուժեղացրեց, թե՞ թուլացրեց Սերժ Սարգսյանին կամ, նույնն է թե, ավազակապետությանը։ Վստահ եմ, որ չնախապաշարված ցանկացած մարդ կպատասխանի՝ պարզ չէ՞, որ թուլացրեց։ Էլ մեր ուզածն ի՞նչ էր, և ինչո՞վ են զբաղված խառնակիչները», – ասել է բանախոսը։
Տեր-Պետրոսյանը անուրանալի փաստ է համարել, որ 1999 թվականից հետո առաջին անգամ այսօր Հայաստանում կա որակապես բոլորովին նոր խորհրդարան, որում ընդդիմության չորս խմբակցությունները՝ Հայ Ազգային Կոնգրեսը, ԲՀԿ-ն, Դաշնակցությունը և «Ժառանգությունը» ներկայացված են 54 պատգամավորով։
«Փաստ է նաև, որ խորհրդարանական առաջին իսկ քվեարկության ժամանակ կառավարության ներկայացրած ծրագիրն ստացել է 49 «դեմ» ձայն, ինչն իր հեռավոր նախադեպն անգամ չունի Սերժ Սարգսյանի գլխավորած վարչախմբի ողջ գոյության ընթացքում։ Բավական է նշել, որ 2007 թվականին կառավարության ծրագիրն ստացել է 0, իսկ 2008-ին՝ ընդամենը 3 «դեմ»։ Պետք է հուսալ, որ ընդդիմադիր ուժերի համերաշխ քվեարկությունը կշարունակվի նաև այսուհետև։ Ինչպես ընդունված է ժողովրդավարական երկրներում, ընդդիմությունը, որպես կանոն, պետք է դեմ քվեարկի կառավարության ներկայացրած բոլոր օրինագծերին՝ չստանձնելով իշխող մեծամասնության կողմից ընդունված օրենքների պատասխանատվությունը: Ընդդիմությունը սիստեմատիկաբար պետք է օգտագործի նաև Սահմանադրական դատարանում՝ խորհրդարանական մեծամասնության կողմից ընդունված օրենքների սահմանադրականության վիճարկման մեխանիզմը։ Այս ամենի հետևանքով թեկուզ իշխանությունների կողմից բարբարոսաբար կեղծված ընտրությունների արդյունքում ձևավորված ներկա խորհրդարանը իրապես կարող է վերածվել քաղաքական բանավեճի լուրջ թատերաբեմի և իշխանության իրական հակակշռի, ինչը ժողովրդավարական և իրավական պետության կայացման միակ գրավականն է», – եզրափակել է Տեր-Պետրոսյանը։
Նա հավելել է, որ հաջորդ հանրահավաքը կկայանա սեպտեմբեր ամսին, եթե մինչ այդ հանրահավաքի անհրաժեշտություն առաջացնող արտառոց իրադարձություններ չպատահեն: