Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Լեհաստանում և Ուկրաինայում ուսումնասիրել է Աշխարհի գավաթի ընտրական փուլում մեր թիմի մրցակիցների` Դանիայի, Չեխիայի և Իտալիայի հանդիպումները:
Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի (ՀՖՖ) պաշտոնական կայքի հետ զրույցում նա նշել է, որ մրցակիցների մասնակցությամբ Եվրո-2012-ի յուրաքանչյուր հանդիպում դիտելուց հետո հաջորդ օրը հատուկ վերլուծական ծրագրով, որը տրամադրվել էր ՀՖՖ-ի կողմից, իրականացվել է խաղերի տեխնիկա-տակտիկական վերլուծություն, որը հնարավորություն է տվել ավելի լավ պատկերացում կազմել մրցակիցների մասին:
«Քանի որ մեր ապագա մրցակիցներից երեքը մասնակցում էին Եվրոպայի առաջնությանը, դա արդեն խոսում է նրանց ուժի մասին:
Ամենալավ տպավորությունն ինձ վրա թողել է Իտալիան: Ես, իհարկե գիտեի, որ Իտալիայի ազգային հավաքականը շատ կազմակերպված և տակտիկապես հագեցած թիմ է, բայց հիմա, տեսնելով ընդհանուր պատկերը, վերլուծելով նրանց խաղը, դրանում ավելի համոզվեցի», – ասել է Վարդան Մինասյանը:
Նրա խոսքով` Չեխիայի ազգային հավաքականը նույնպես լավ տպավորություն է թողել:
«Այս մրցաշարը նրանց համար մեծ փորձ էր, քանի որ Չեխիան երիտասարդ թիմ է: Լավ տպավորություն թողեց հատկապես հարձակման գծում, հատկապես եզրերում: Զգացվում էր, որ շատ բան իրենց խաղում կախված էր առաջատարից՝ Ռոսիցկուց, որովհետև երևում էր, որ այն հանդիպմանը, որին նա չէր մասնակցնում, թիմի խաղն այն չէր:
Դանիայի հավաքականն ընդգծված առաջատար չուներ, սակայն հավասար թիմ էր, լավ էին խաղում, թիմային բարձր արագությամբ: Լավ էր, որ հնարավորություն եղավ դիտել այդ թիմերի խաղերը: Մենք արդեն ունենք մեր հակառակորդների ամբողջական պատկերը այս պահի դրությամբ: Չգիտեմ հետո ինչ կլինի, ինչ փոփոխություններ կլինեն նրանց թիմերում կամ մարզչական կազմերում, սակայն նրանց ուժեղ ու թույլ կողմերի մասին այս պահի դրությամբ ճիշտ պատկերացում ունենք», – ասել է Մինասյանը: