Հովհաննես Թումանյանի` Դավիթաշվիլի 18 հասցեում գտնվող թբիլիսյան տան ձեռքբերման և վերանորգման հարցը վերջնականապես լուծված է շնորհրիվ բարերարների: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:
«Թումանյանի տան մեծ մասը մենք արդեն ձեռք ենք բերել շնորհիվ բարերարների և պետք է նոր գործառույթով ներկայացնենք մեր ժողովրդին: Իսկ ձեռք բերված հողատարածքը պետք է կրի Հովհաննես Թումանյանի անունը», – ասել է Անանյանը:
Նա շնորհակալություն է հայտնել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ով 145 000 դոլար է տրամադրել Թումանյանի տունը գնելու համար:
Քանի որ Վիրահայոց թեմը Վրաստանում ձեռք է բերել կարգավիճակ, որով ստացել է սեփականություն ունենալու իրավունք, Թումանյանի տան բանալիները Անանյանը հանձնել է թեմի առանջորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին:
Վերջինս, իր հերթին, ասել է, որ աշխատանքներ պետք է տարվեն, որպեսզի ձեռք բերվի Թումանյանի ծոռնուհուն պատկանող տան հատվածը (այդ հատվածը դեռևս թեմին չի պատկանում), ստեղծվի մի ընդհանուր կենտրոն, որը կարող է նախկին Վերնատան դեր կատարել և միավորել Վրաստանում գործող մշակութային կենտրոնները:
«Քանի որ Թիֆլիսում հայկական կենտրոնների թիվը պակասում է, Թումանյանի տան ձեռքբերմամբ հայապահպանման հարցը ևս լուծվում է որոշ չափով Վրաստանում»,-ասել է Միրզախանյանը: