Նախօրեին Ծաղկաձորի «Ոսկու աշխարհ» ռեստորանային համալիրում բավական երկար զրույցի են բռնվել բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ու տրանսպորտի ու կապի նախկին նախարար Մանուկ Վարդանյանը, որոնց վերջում միացել են նաև մի քանի նախկին պետական չինովնիկներ, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:
Թերթի փոխանցմամբ` նախկին ու ներկա նախարարների հանդիպումը աննպատակ չի եղել. տարիներ շարունակ պաշտոններ զբաղեցնող չինովնիկներն այս հանդիպման ընթացքում վերջնական տեսքի են բերել իրենց նոր առանձնատների էսքիզները. դրանք իրար հարևանությամբ կառուցվելու են Արաբական էմիրությունների հայտնի թաղամասերից մեկում:
Ըստ շրջանառվող լուրերի` երկու պաշտոնյաների մեջ այս գաղափարը առաջացել է այն բանից հետո, երբ վերջիններս պետական այցերից մեկի շրջանակներում առիթ են ունեցել տեսնելու, թե ինչպիսի շքեղ առանձնատներ ունեն ՀՀ-ի ոչ անհայտ չինովնիկները, որոնցից մեկի առանձնատան վերնահարկում նույնիսկ ջահեր են վառվում` լուսավորելով ամբողջ առանձնատունն ու դրա հարակից տարածքը, գրում է «ՉԻ»-ն: