Հունիսի 21-ին Դեմիրճյան փողոցի կողմից ՀՀ ԱԺ շենքի մոտ նախկին քաղբանտարկյալ, Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ Վարդգես Գասպարիի հետ կատարված միջադեպի առնչությամբ ոստիկանությունում սկսված հետաքննությունը դեռևս շարունակվում է: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Հայկական ժամանակ» թերթին ասել են, որ գործի հետ կապված ոչ մի նորություն դեռևս չկա:
Նշված օրը Վարդգես Գասպարին «Հարսնաքար» համալիրում զինվորական բժիշկներին ծեծելու միջադեպի առնչությամբ բողոքի ակցիա էր անում ԱԺ-ի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ: «Ռուբեն Հայրապետյան`մարդասպան» մակագրությամբ պաստառը ձեռքին նա կանգնել էր խորհրդարանի մուտքի մոտ: ԱԺ պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանը, ԱԺ մտնելիս տեսնելով նրան, խլել էր Գասպարիի պաստառը և պատռել: Իսկ մեկ այլ անձ, որը, ենթադրվում է, եղել է այս օլիգարխի թիկնապահը, Գասպարիին հրել և գցել էր գետնին:
Այդ ամենը տեղի էր ունեցել ոստիկանների աչքի առաջ, սակայն վերջիններս չէին միջամտել: Այս միջադեպի շուրջ աղմուկ բարձրացավ «Ա1+» հեռուստաընկերության կայքում կատարվածի տեսագրությունը հրապարակելուց հետո: Թվում էր, թե ամեն ինչ շատ պարզ է, եղել է միջադեպ, կա տեսագրություն, որտեղ հստակ երևում է, թե ով ինչ է արել: Սակայն, պարզվում է, ՀՀ ոստիկանությունում այդ տեսագրությունը դեռևս չեն կարողանում «վերծանել», գրում է «ՀԺ»-ն:
Թերթի տեղեկություններով, սակայն, այս դադարը այլ պատճառներ ունի. Սամվել Ալեքսանյանը և նրա մերձավորները վերջին օրերին փորձում են պարզել, թե «Ա1+»-ի տեսագրությունը կատարած լրագրողը և օպերատորը ովքեր են: Ենթադրվում է, որ նրանց ինքնությունը ճշտելուց հետո պետք է փորձեն համոզել, որպեսզի նրանք միջադեպը հերքող ինչ-որ բացատրություն գրեն, և դրա հիման վրա հնարավոր լինի գործը «ջրել»: