ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շտապել է հայտարարություն տարածել առանց քաղաքացու կողմից ներկայացված դիմումը և դրան առնչվող փաստական հանգամանքները բազմակողմանի ուսումնասիրելու, ինչպես նաև` անտեսելով իր հարցմանն ի պատասխան ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրամադրած տեղեկատվությունը:
Այս մասին ասված է ՀՀ արդարադատության նախարարության տարածած հայտարարության մեջ, որը վերաբերում է ՄԻ պաշտպանի գրասենյակի կողմից երեկ տարածած հաղորդագրությանը, համաձայն որի նախարարությունը խախտել է քաղաքացու իրավունքը:
«Այսպես, խնդրո առարկա հանդիսացող` ՀՀ քաղաքացի Վարդանուշ Թովմասյանի գործով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաղորդագրության մեջ նշվում է, որ քաղաքացի Վարդանուշ Թովմասյանը ԴԱՀԿ ապահովող ծառայության ենթադրյալ անգործության` պարտապանի գույքի վրա «անհապաղ» արգելանք չդնելու պատճառով «զրկվել էր իրեն պատկանող և ծայրահեղ անհրաժեշտ գումարից»:
ԴԱՀԿ ապահովող ծառայությունը անձի դիմումը ստանալու պահից ոչ թե «անհապաղ», այլ օրենքով սահմանված եռօրյա ժամկետում հարուցել է կատարողական վարույթ, որից հետո գործով պարտապանը անմիջապես ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության դեպոզիտ հաշվին մուտքագրել է կատարողական թերթով սահմանված գումարն ամբողջությամբ՝ 2 600 000 ՀՀ դրամ:
Հարկ է նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն անձն իրավունք ունի մուծել իրենից պահանջվող գումարը հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշիվ` ինչը համարվում է կատարողական թերթով սահմանված պարտավորությունների կատարում:
Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ դատարանի կողմից գումարը բռնագանձելու մասին կատարողական թերթը ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայություն մուտքագրվելուց հետո գործով պարտատեր Վարդանուշ Թովմասյանը 17.01.2012 թվականին ստացել է ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայությունից 2600000 ՀՀ դրամ գումարը: Հետևաբար` քաղաքացի Վարդանուշ Թովմասյանը չէր կարող, ինչպես նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, «զրկված լինել իրեն պատկանող և ծայրահեղ անհրաժեշտ գումարից»», – նշում է Արդարադատության նախարարությունը:
Հայտարարության մեջ նշվում է, որ քաղաքացի Վարդանուշ Թովմասյանը, ստանալով կատարողական թերթով սահմանված գումարը, ձեռնպահ է մնացել դատարանի կողմից սահմանված լրացուցիչ գումարի և տոկոսների բռնագանձումն ապահովելու համար պարտապանի բնակարանից բաժնեմասն առանձնացնելու հայցով դատարան դիմելուց, իսկ այժմ նա փորձում է մեղքը բարդել ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության վրա` «թյուրիմացության մեջ գցելով նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին»: