ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները չեն ընդունել, որ Հայաստանում 2012 թվականի մայիսի 6-ի ընտրություններn անցել են միջազգային չափանիշներին համապատասխան: Այս մասին ասված է Հայ Ազգային Կոնգրեսի երեկ տարածած հայտարարության մեջ, որը վերաբերում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի` խորհրդարանական ընտրությունների ընթացքում իրականացրած դիտորդական առաքելության վերջնական զեկույցին:
Կոնգրեսը նման գնահատական է տալիս` հիմնվելով զեկույցի հետևյալ հատվածի վրա.
«Ընտրությունները, որոնք անցկացվել են կատարելագործված օրենքի հիման վրա, բնութագրվել են մրցակցային, դինամիկ ու հիմնականում խաղաղ ընտրարշավով, որը, սակայն, նշանավորվել է գործընթացի հանդեպ վստահության ցածր մակարդակով:
Ընտրությունների մասնակիցների կողմից ընտրարշավի պայմանների որոշ խախտումները, այդ թվում` վարչական ռեսուրսի կիրառումն ու ընտրողների ընտրության ազատության սահմանափակման ջանքերը, ստեղծել են անհավասար մրցակցային դաշտ և հակասության մեջ են մտել ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորությունների հետ»:
ՀԱԿ-ն ընդգծում է, որ վերոնշյալ գնահատականը, ըստ էության, նշանակում է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները չեն ընդունել, որ ընտրությունները համապատասխանում են միջազգայնորեն ընդունված ժողովրդավարական չափանիշներին:
«Զեկույցում նաև բազմաթիվ տեղեկություններ կան վարչական ռեսուրսի օգտագործման, բազմակի քվեարկության, ձայների գնման մասին:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցը, բնականաբար, ծանր հարված է հասցնում Հայաստանի վարկին միջազգային հանրության աչքում և նաև թուլացնում է Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում, ինչի ամբողջական պատասպանատվությունը կրում են այս իշխանությունները, որոնք ամբողջովին կեղծելով ընտրությությունները, ըստ էութան, մերժել են հայ ժողովրդի կողմից սեփական իշխանություն ընտրելու իրավունքը», – եզրափակում են հայտարարության հեղինակները:
Նշենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը ՀՀ իշխանություններին և ընտրություններին մասնակից ուժերին կոչ է անում ավելի մեծ հարգանք դրսևորել քաղաքացիների ազատ հասարակական և քաղաքական կամարտահայտման վերաբերյալ: Եվրոպացի զեկուցողները իշխանություններիին նաև հորդորում են բարձրացնել ընտրական և պետական կառուցյների աշխատանքի թափանցիկությունը` բարձրացնելով ընտրության գաղտնիության վերաբերյալ դրանց գիտելիքների մակարդակը, արշավներ ձեռնարկել ընտրողների ձայներ գնելու և վաճառելու պրակտիկայի դեմ, ինչպես նաև շարունակել ջանքերը բարելավելու ընտրական ցուցակների ճշգրտության աստիճանը: