Շամիրամ Միքայելյանը որոշում է կայացրել դադարեցնել այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ սկսած հացադուլը, քանի որ նրա մոր` 55-ամյա Գոհար Չիֆլիկյանի առողջական վիճակը շարունակում է անորոշ և ծանր մնալ: Այս մասին նա ասել է Epress.am-ի թղթակցին:
Այս պահին Չիֆլիկյանը գտնվում է թիվ 2 կլինիկական հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Հիշեցնենք, որ մայրն այսօր վատացել էր աղջկա հետ ՀՀ կառավարության շենքի մոտ ակցիա անցկացնելիս, այն պահին, երբ մայրն ու աղջիկը զրուցելիս են եղել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ:
Epress.am-ի թղթակցի հետ զրույցում Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Արսեն Սիմոնյանը նշել է, որ այս պահի դրությամբ վաղ է որևէ բան ասել Չիֆլիկյանի առողջական վիճակի մասին: Շամիրամ Միքայելյանի խոսքով, ով 16:00-ի սահմաններում կարճ ժամանակով գտնվել է մոր մոտ, Չիֆլիկյանը չի պատասխանել հարցերին, անշարժ պարկած է և գրեթե ռեակցիա չի տալիս շրջապատին:
«Բանակն իրականում» նախաձեռնության անդամները, ովքեր աջակցում են Շամիրամ Միքայելյանին, այսօր հանդիպել են ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին, և նամակով խնդրել հոգալ Գոհար Չիֆլիկյանի բուժման ծախսերը: Դումանյանը խոստացել է օգնել, և արդեն զանգահարել է հիվանդանոց, որից հետո կնոջը տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք:
Բժիշկները նշել են, որ այս գիշերը Չիֆլիկյանը այդ բաժանմունքում կանցկացնի, իսկ վաղն առավոտյան կնոջը միջուկա-մագնիսային ռեզոնանսի (Յամեր) հետազոտության համար կտեղափոխեն մեկ այլ հիվանդանոց, քանի որ 2-րդ կլինիկականում համապատասխան սարքավորումներ չկան:
Արդեն 17:00-ի մոտ բժիշկներն աղջկան ասել են, որ կնոջ վիճակն աստիճանաբար սկսել է կարգավորվել, նա, թեև չի խոսել, բայց գլխով սկսել է պատասխանել հարցերին: Բժիշկները նշել են, որ եթե վիճակը մինչև առավոտ բարելավվի, ապա դա նշանակում է` կնոջ մոտ ընդամենը սպազմատիկ շոկ է եղել, և լրացուցիչ հետազոտության կարիք չի լինի:
Հիշեցնենք, որ 39-ամյա Շամիրամ Միքայելյանը ունի երկու պահանջ. քրեական պատասխանատվության ենթարկել Սիսիանի 60919 զորամասի սպաներին` իր որդուն` 19-ամյա Ռուբեն Միքայելյանին դաժան ծեծի ենթարկելու և ինքնասպանության փորձի հասցնելու համար, և որդուն ազատել զինծառայությունից, քանի որ նա սրտի արատ ունի և չպետք է զորակոչվեր բանակ: