Home / Հայաստան / Սպաները ծեծել են զինծառայողին. մայրը արդար քննություն է պահանջում

Սպաները ծեծել են զինծառայողին. մայրը արդար քննություն է պահանջում

ՀՀ Կառավարության շենքի մոտ հացադուլ անող 39-ամյա Շամիրամ Միքայելյանը ունի երկու պահանջ. քրեական պատասխանատվության ենթարկել Սիսիանի 60919 զորամասի սպաներին` իր որդուն` 19-ամյա Ռուբեն Միքայելյանին դաժան ծեծի ենթարկելու և ինքնասպանության փորձի հասցնելու համար, և որդուն ազատել զինծառայությունից, քանի որ նա սրտի արատ ունի և չպետք է զորակոչվեր բանակ:

Այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ Շամիրամին է մոտեցել Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը և խոսատցել է խոսել քննիչի հետ և հետամուտ լինել խնդրի արդար լուծմանը: Ավելի վաղ մենք տեղեկացրել էինք, որ նախարարի հետ հանդիպման ժամանակ դստեր հետ ակցիային մասնակցող Շամիրամի մայրը վատացել էր, նրան օգնություն էին ցուցաբերել:

Epress.am-ի հետ զրույցում Միքայելյանը պատմել է, որ իր որդին քննչական մարմիններին դիմում է ներկայացրել, համաձայն որի սպաների հետապնդումն իր դեմ սկսվել է այն բանից հետո, երբ Ռուբենը որպես վկա ցուցմունք է տվել կապված զորամասի մեկ այլ զինծառայող` Միհրան Նազարյանին ծեծելու դեպքի հետ:

Մոր խոսքով` ցուցմունք տալու համար սպաներ Ալբերտ Խաչատրյանն ու Սուրեն Մխիթարյանը Ռուբենին անվանել են «գործ տվող բ….» և դաժան ծեծի են ենթարկել: Հոգեբանական ճնշման տակ Ռուբենը կտրել է դաստակը:

Նրան բուժում տալուց հետո տեղափոխել են Մալաթիայի զորամաս, որտեղ քննիչը սպառնացել է նրան, որ եթե չսոտրագրի խոստովանությունը, թե ինքը երակները կտրել է ծառայությունից խուսափելու համար, ապա կրկին կծեծվի:

Ռուբենը չի ստորագրել, նրան չեն ծեծել, բայց այս պահին երիտասարդի առողջական վիճակը վատ է, սրտի աշխատանքի վատանում է, նրան պարբերաբար տեղափոխում են հիվանդանոց և հետ տանում Մալաթիայի զորամաս:

Շամիրամ Միքայելյանը ասել է, որ շարունակելու է հացադուլը մինչև իր պահանջները չկատարվեն: